Սիրիահայ պատմաբան. Մոտ 1000 քեսաբահայ վերադարձել է տուն

Սիրիահայ պատմաբան. Մոտ 1000 քեսաբահայ վերադարձել է  տուն

PanARMENIAN.Net - Քեսաբի հայ բնակչության 40%-ը վերադարձել են` մոտ հազար հոգի: Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողներին հայտնել է սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանը՝ նկատելով, որ նրանց մեջ քիչ են երիտասարդները:

«Քեսաբում վերջին ժամանակաշրջանում բնակչությունն ավելացել է Հալեպից եկած հայերի շնորհիվ, քանի որ այսօր Քեսաբում համեմատաբար վիճակը կայուն է», - նշել է Յազճյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Նա տեղեկացրել է, որ մինչ այժմ Սիրիայում զոհվել է 50 խաղաղ հայ քաղաքացի, ազգությամբ հայ 10 զինվոր սպանվել են բանակում, ևս 50 հայ քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

Անդրադառնալով Հալեպին, պատմաբանը նշել է, որ 45-50 հազարանոց հայկական գաղութից այնտեղ այժմ մնացել է կեսը, 15-17 հազար սիրիահայ վերադարձել են Հայաստան, նույնքան էլ՝ Բեյրութ. «Սիրիայի հայ բնակչության մի մասն էլ տեղափոխվել է երկրի հյուսիս-արևելք՝ քրդաբնակ շրջաններ, որտեղ նրանց բավական լավ են վերաբերում»:

Յազճյանը նշել է, որ նրանցից մի զգալի մասն էլ ընդհանրապես չի ծրագրում վերադառնալ ծննդավայր, քանի որ Սիրիայում կորցրել է ամեն ինչ, սակայն քիչ չեն նաև այն սիրիահայերը, ովքեր սպասում են վիզաների՝ հեռանալու Հայաստանից և հանգրվանելու օտար երկրներում:

2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---