ԱՄՀ-ն Հայաստանին լրացուցիչ $16,3 մլն կհատկացնի

ԱՄՀ-ն Հայաստանին լրացուցիչ $16,3 մլն կհատկացնի

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն անցած շաբաթվա վերջում ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը: Ինչպես նշված է հիմնադրամի հաղորդագրությունում, դա տալիս է 11.74 միլիոն փոխառության հատուկ իրավունք (ՓՀԻ) (մոտ 16.3 միլիոն դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 35.22 միլիոն ՓՀԻ-ի (մոտ 48.9 միլիոն դոլարի):

82.21 միլիոն ՓՀԻ (մոտ 114.1 միլիոն դոլար) գումարով երկարաձգվող այս ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտին:

Ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների՝ ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) զուտ միջազգային պահուստների (ԶՄՊ), զուտ ներքին ակտիվների (ԶՆԱ) և բյուջեի պակասուրդի 2015 թ. հունիսի վերջի կատարողական չափորոշիչների (ԿՉ) չկատարման, ինչպես նաև իշխանությունների կողմից բազմարժութային պրակտիկայի (ԲԱՊ) չսահմանման կամ փոփոխման վերաբերյալ ԿՉ ժամանակավոր չկատարման համար բացառություն անելու դիմումին: Միաժամանակ, իշխանությունների կողմից իրականացված քաղաքականության գործողություններն օգնել են կանխել հավանական անկանոն ճշգրտումն ու ապահովել կայունություն և տնտեսական աճ, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար պրն. Միցուհիո Ֆուրուսավան ասել է..

«Ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականի վրա բացասաբար են անդրադարձել սպասվածից թույլ արտաքին պայմանները և ծրագրի քաղաքականություններից որոշ շեղումները: Իշխանությունների կողմից քաղաքականության միջոցով արձագանքն օգնեց մեղմել ցնցումների սկզբնական ազդեցությունները, սակայն դժվարին հեռանկարը պահպանվում է: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի նպատակների կատարման, բուֆերների և քաղաքականության համար հնարավորությունների վերաստեղծման և Հայաստանի աճի ներուժին զարկ տալու համար անհրաժեշտ կլինի հաստատակամորեն իրականացնել համաձայնեցված միջոցառումները:

«Առաջիկայում կկարևորվի վերադարձը փոխարժեքի ավելի մեծ ճկունությանը և միջամտությունների սահմանափակումը՝ բուֆերները պահպանելու և ամրապնդելու և արտաքին ճշգրտմանն օժանդակելու համար: Դրամավարկային քաղաքականությունը պետք է ուշիուշով ճշգրտվի՝ գների կայունությունը պահպանելու համար: Դրամավարկային պայմանների բնականոնության աստիճանական վերականգնման միջոցով 2014 թ. սահմանված արտակարգ միջոցառումների դադարեցումը կօժանդակի նաև բանկային վարկավորման և աճի վերականգնմանը: Հասարակության, գործարար համայնքի և այլ շահագրգիռ կողմերի հետ քաղաքականության առանցքային ուղղությունների վերաբերյալ հաղորդակցության կատարելագործումը կկարևորվի քաղաքականության արձագանքների շուրջ համաձայնություն ձևավորելու համար:

«Ակտիվությանն օժանդակելու համար հարկաբյուջետային պայմանների թուլացման ժամանակահատվածից հետո պարտքի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի հարկաբյուջետային կոնսոլիդացում: Ճշգրտումը պետք է շեշտադրի եկամուտների ավելացումը՝ կապիտալ ու սոցիալական ծախսերը պաշտպանելու և միջնաժամկետ հատվածում աճը սատարելու համար: Նոր հարկային օրենսգիրքը տալիս է հարկման բազան ընդլայնելու հնարավորություն՝ վերացնելով արտոնությունները և անդրադառնալով բացերին և ըստ այդմ օժանդակելով ինչպես կոնսոլիդացմանն, այնպես էլ աճը խթանող ծախսերին:

«Բանկային համակարգը մնում է կայուն, իսկ ճգնաժամերի պատրաստվածության և կառավարման ծրագրերի ուժեղացումը ֆինանսական համակարգը կդարձնի ավելի կուռ: Էլեկտրաէներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացման ծրագրերի ներդրումը և մրցակցության, մրցունակության և տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրման բարելավմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումները շարունակում են կարևորագույն նշանակություն ունենալ խոցելիությունների կրճատման և լայնահեն աճը սատարելու համար»:

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարձրացրել է ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը. ըստ ԱՄՀ-ի գնահատականների՝ 2015-ին կգրանցի 2.5%, իսկ 2016-ին՝ 2.2% աճ։

Սեպտեմբերի 25-ին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին ընդունեցին նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու գործակցությունը և շնորհակալություն հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Սարգսյանը կարևորել էր ԱՄՀ-ի կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը և ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից արդյունքների հաստատումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---