ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է իրագործել ԼՂՀ հարցում կոնգրեսականների խաղաղարար առաջարկները

ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է իրագործել ԼՂՀ հարցում կոնգրեսականների խաղաղարար առաջարկները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հաշվի առնելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրականացված հարձակումն ու 2 հայ զինծառայողի սպանությունը, շտապ կոչով դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին, որպեսզի վերջիններս խելամտություն դրսևորեն ու իրագործեն ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ Էլիոթ Էնգելի և այլ կոնգրեսականների ներկայացրած առաջարկները։

«Ադրբեջանցի դիպուկահարների կողմից 2 հայ զինծառայողի (Վահե Վանոյան, Միքայել Թորոսյան) սպանության դեպքն ահազանգում է այն մասին, որ պետք է անհապաղ իրագործել Ռոյսի և Էնգելի նախաձեռնությամբ ներկայացված խաղաղարար առաջարկները: Դա պարտադիր նախապայման է մարդկային կյանքերը փրկելու ու պատերազմը կանխելու համար»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Asbarez-ին հղումով մեջբերում է Tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ ANCA-ն առցանց արշավ է սկսել, որի նպատակն է Կոնգրեսի անդամներին համոզել` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նկատմամբ տվյալ առաջարկների իրագործման հարցով ճնշում գործադրել:

Asbarez-ը մանրամասնում է, որ Ռոյսի և մյուս կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ենթադրում են`

- շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում,

- շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը,

- շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կարդացեք նաև՝ ANCA-ն արշավ է սկսելու՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով նպաստել ԼՂՀ-ում խաղաղությանը

ANCA-ի պահանջը՝ հետաքննել Կոնգրեսի անդամների ֆինանսական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---