ԼՂՀ ԱԳՆ. Արցախը պատրաստ է ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին

ԼՂՀ ԱԳՆ. Արցախը պատրաստ է ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են ընդունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչին: Այս մասին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի կայանալիք նիստում, որի ժամանակ հնարավոր է ընթանա Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման քննարկում, ենթադրվում է արդյոք ԵԽԽՎ զեկուցողի այց ԼՂՀ։

ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։

«Նոյեմբերի 16-ին մենք նամակ ենք ստացել ԵԽԽՎ Քարտուղարության գլխավոր տնօրեն Մարիո Մարտինսի կողմից՝ Սարսանգի ջրամբարի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչի՝ ԼՂՀ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով։ Պատասխան նամակում մենք նշել ենք, որ չնայած զեկույցի անվանման և նրա պատրաստման գործընթացի առնչությամբ մեր ունեցած լուրջ վերապահումներին ու նկատառումներին, ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ԵԽԽՎ-ի հետ համագործակցությանը»,- նշել է Սարգսյանը, մեջբերում է Tert.am-ը:

Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ միաժամանակ ընդգծվել է Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։

«Մեր խորին համոզմամբ զեկույցում չպետք է շոշափվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչպես նաև կողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված և միջազգային մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերի առարկա հանդիսացող հակամարտության տարբեր ասպեկտներ։ Հույս ունենք, որ ԼՂՀ կողմից գործակցելու պատրաստակամությունն ամենայն պատասխանատվությամբ կընկալվի Միլիցա Մարկովիչի կողմից՝ զեկույցը օբյեկտիվության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա պատրաստելու նպատակով», - ասել է Սարգսյանը:

2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա:Սակայն, Ադրբեջանը շարունակաբար անտեսում է գործակցության կոչերը և Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը դարձնում է քարոզչական գործիք միջազգային կազմակերպություններում՝ հայտարարելով, որԱդրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992-ի ամառային հարձակումը և ԼՂՀ Զինված ուժերի կողմից վերականգնվել է ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։

Կարդացեք նաև՝ Ուորլիք. ԼՂ-ն և Ադրբեջանը կարող են գործակցել Սարսանգի ջրամբարից օգտվելու հարցում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---