ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ հետ քննարկել է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցերը

ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ հետ քննարկել է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Հանդիպման ընթացքում շարունակվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ քննարկումները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Անդրադարձ է կատարվել ‪Հայաստանի և ‪Ադրբեջան‬ի նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերին:

Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Բելգրադում միջնորդների հետ հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանցի նախարարն ու միջնորդները քննարկել են բանակցային գործընթացի գործող կարգավիճակը, առաջիկայում ՄԽ գործունեության ծրագրերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաաստանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցեր:

Մամեդյարովը կրկին խոսել է հակամարտությունը «ըստ ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի կարգավորելու անհրաժեշտության և «գրավյալ տարածքներից» հայկական զինված ուժերը դուրս բերելու մասին»:

Բելգրադում Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։

Կողմերն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր են փոխանակվել բանակցային գործընթացի շուրջ: Արտգործնախարարը և Զանիերը համակարծիք էին, որ հիմնախնդիրը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում։

Նալբանդյանն ու Զանյերը անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) Բելգրադում հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրին` ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների 22-րդ խորհրդի շրջանակներում: ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

«Ուրախ եմ հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերի գծով պետքարտուղար Հառլեմ Դեզիրին Բելգրադում ՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը քննարկելու նպատակով: Կաշխատենք միասին»,- գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի պնդումներին, թե իբր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինչ-որ առաջարկ է ներկայացրել, ըստ որի «հարկավոր է կենտրոնանալ հայկական ուժերը դուրս բերելու վրա», ասել է. «Պետք չէ ներկայացնել Ադրբեջանի մոտեցումները որպես եռանախագահների դիրքորոշում, առավելևս, որ այդ տարրերը և սկզբունքները հրապարակված են հինգ հայտնի հայտարարություններում։

Մենք՝ այստեղ բոլոր ներկաներս, կարող ենք միայն մեր տարակուսանքը հայտնել, ինչպես դա եղավ Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը մերժեց բոլորի՝ Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների կողմից գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրում առաջարկված ձևակերպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը հիմնված էր եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունների վրա։ Դրանք, ինչպես հայտնի է, արտացոլում են մեկ ամբողջություն հանդիսացող` հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Հայտնի է համանախագահ երկրների, բնակաբար նաև` Ռուսաստանի` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասնական մոտեցումն առ այն, որ այդ սկզբունքների և տարրերի նկատմամբ ընտրովի մոտեցումը անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը»։

Իսկ այն, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի արտգործնախարարը և փորձում է դա վերագրել Սերգեյ Լավրովին, այդպիսի մոտեցում Ռուսաստանի արտգործնախարարը հայկական կողմին չի արտահայտել, չեմ էլ կարծում, որ նման մոտեցում արտահայտած լինի ադրբեջանական կողմին: Պետք չէ գլխիվայր դնել իրականությունը»,-ասել է ՀՀ արտգործնախարարը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---