Կանադայի վարչապետը ողջունել է սիրիացի փախստականներին, այդ թվում՝ սիրիահայերին

Կանադայի վարչապետը ողջունել է սիրիացի փախստականներին, այդ թվում՝ սիրիահայերին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին՝ կեսգիշերին մոտ Տորոնտոյի օդանավակայանում վայրէջք է կատարել կանադական ռազմատրանսպորտային օդանավը, որը Հորդանանից 163 սիրիացի փախստակի տեղափոխեց Կանադա: Նրանց դիմավորել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով խոստացել էր, որ Կանադան կառավարական ծրագրով 25 հազար սիրիացի ներգաղթյալի կընդունի:

Հոկտեմբերին Թրյուդոյի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, և երիտասարդ քաղաքական գործիչը դարձել է վարչապետ:

Տորոնտոյի օդանավակայանում նա անձամբ դիմավորել է սիրիացի փախստականներին, զրուցել նրանց հետ, տաք հագուստներ տվել: Առաջին ներգաղթյալներից մեկը, ում հետ թարգմանչի օգնությամբ վարչապետը շփվել է, Հալեպից գինեկոլոգ Գևորգ Ժամկոչյանն էր, նրա կինը՝ Գեորգիա Զիրեսը, և մեկուկես տարին դեռ չբոլորած դուստրը՝ Մադլենը: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը: Իսկ GlobalNews կանադական կայքը տեսանյութեր է տեղադրել, ցուցադրելով ներգաղթյալների ժամանումն ու նրանց ողջունող, նրանց հետ զրուցող վարչապետին:

«Մենք ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Մենք մեզ զգում ենք ինչպես տանը»,-ասել է Գևորգ Ժամկոչյանը վարչապետին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Զգացեք Ձեզ ինչպես տանը: Բարի գալուստ Ձեր նոր տուն», - պատասխանել է Ջասթին Թրյուդոն, ով ներգաղթյալներին դիմավորում էր կնոջ հետ:

Associated Press-ը գրում է նաև Գրեգ Կեոշկերյանի մասին, ով օդանավակայանում սպասում էր իր ընկերոջը: Նա նույնպես սիրիացի փախստական է, 10 ամիս է բնակվում է Կանադայում և ասել է, թե մտադիր չէ ԱՄՆ-ին դիմել փախստականի կարգավիճակ ստանալու համար:

«Կանադան հյուրընկալ է: Միացյալ Նահանգները թվում է այսպես չէ: Այստեղ մարդիկ հարգում են միմյանց, բազմամշակութային միջավայր կա: Իմ բոլոր ընկերները հիմա հարցնում են Կանադայի մասին, հետաքրքրվում են՝ ինչպես կարող են այստեղ գալ: Երկու շաբաթից մեկ ուրիշ չվերթ է լինելու, որով ևս գալու են մի քանի ընկերներս»,- ասել է նա:

Reuters-ը գրում է՝ փախստականները և անհատ հովանավորները իրենց ոգևորությունն են հայտնում, որ Հորդանանի ու Լիբանանի փախստականների ճամբարներում անվտանգության և առողջապահական ստուգումներից հետո ներգաղթյալների առաջին խմբերը ժամանում են Կանադա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---