23 դեկտեմբերի 2015 - 16:25 AMT
ՀՀ, Վրաստանի, Իրանի և ՌԴ միջև փոխըմբռման հուշակագիր է ստորագրվել

Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև դեկտեմբերի 23-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ գործակցության զարգացման հեռանկարներին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույն օրը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին:

ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի փոխվարչապետի այցը Հայաստան՝ նշելով, որ այն կնպաստի էներգետիկ ոլորտում փոխգործակցության խորացմանը: Աբրահամյանն ասել է, որ ընթացիկ տարում երկու երկրի կառավարությունների արդյունավետ գործակցությունը նոր թափ է հաղորդել հայ-վրացական հարաբերություններին, և այսօր տարբեր ոլորտներում հաջող իրագործվում են մի շարք համատեղ ծրագրեր:

Կախա Քալաձեն նշել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը և սերտացումը: Նրա խոսքով՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ գործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ էներգետիկ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Աբրահամյանը, մասնավորապես, կարևորել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը համագործակցության արդյունավետ ձևաչափ է, և քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը:

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին՝ ընդգծելով, որ առկա են չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ: Այս առումով երկուստեք կարևորվել է Հայաuտանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և գործարար համաժողովների անցկացումը: