ՀՀ-ում անալոգային հեռարձակումը տոնական օրերին չի դադարեցվի

ՀՀ-ում անալոգային հեռարձակումը տոնական օրերին չի դադարեցվի

PanARMENIAN.Net - Անալոգային հեռարձակումը Հայաստանում տոնական օրերին չի անջատվելու: Այս մասին տեղեկացրել է «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը՝ հղում անելով կապի և տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի հավաստիացմանը:

Ամալյանի խոսքով՝ Երևանում թվային հեռարձակման ազդանշանն առայժմ փորձնական է․ համապատասխան կցորդ սարք ունեցողները այն արդեն կարող են ընդունել, սակայն քչերը դեռ ունեն նման հնարավորություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադարեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր թվային հեռարձակման:

Հարցին, թե արդյոք վերջնական ժամկետների շարունակական երկարաձգումը օրենքի խախտում չէ, գլխավոր տնօրենը պատասխանել է.

«Հաշվի առնելով մի շարք խնդիրներ, մեր երկրի սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները՝ կայացվեց որոշում առավելագույնս երկարաձգել: Իսկ առավելագույնը, քանի որ միջազգային պայմանավորվածությունը 15 թվականն էր, մենք ընդամենը խախտեցինք 6 ամսով, երկարաձգեցինք։ Եթե նորից ունենանք ֆորսմաժորային վիճակ զուտ բաժանման տեխնիկական խնդիրների հետ, բնականաբար, քանի դեռ քաղաքացու իրավունքը չենք ապահովել, անջատում չենք անելու»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մինչդեռ, Հայաստանը դեռ պատրաստ չէ թվային հեռարձակմանը ո՛չ օրենսդրորեն, ո՛չ սոցիալական առումով:

«Հայաստանի «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը, որը պատվիրել է գնումը, դեռ չի ստացել այդ խմբաքանակը: Հասկանալի է, որ դրա ստանալը և բաժանելը մեկ օրվա, մեկ շաբաթվա կամ նույնիսկ մեկ ամսվա գործ չի», - ասել է նա:

Մելիքյանը նաև տեղեկացրել է, որ խնդիր առաջացավ նաև թվային հեռարձակման արտոնագիր չստացած մարզային հեռուստաընկերությունների համար։

ՀՀ կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն կհատկացվի DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր: Ընդհանուր առմամբ՝ թվային հեռուստատեսության համար նախատեսված սարքեր կստանա մոտ 48 հազար 733 ընտանիք:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության (ՀՀՌՑ) կողմից իրականացվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված է, որ 2016-ի հունվարի 1-ին ՀՀ ամբողջ տարածքում դադարեցվում է անալոգային հեռուստահեռարձակումը, և այդ պահից սկսած` ՀՀ տարածքում իրականացվում է միայն թվային հեռուստահեռարձակում:

Սոցիալապես անապահով խավին անվճար կարգով DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի տրամադրումը նախատեսված է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգով պետության կողմից ստանձնած պարտավորությամբ և ուղղված է ՀՀ բնակչության սոցիալապես անապահով անձանց տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---