Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել

Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել

PanARMENIAN.Net - Բրյուսելում գտնվող Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD) change.org կայքում խնդրագիր է ուղղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)՝ «Ո՛չ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ատելությամբ լի պատերազմական հռետորաբանությանը և կողմնակալությանը» վերնագրով։

Խնդրագիրն արդեն ստորագրել է 2.657 մարդ՝ պահանջվող 5000-ից:

Ինչպես նշվում է խնդրագրի տեքստում՝ ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» նախագծերի։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ հակամարտություն է, որի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Դժբախտաբար այս որոշումների նախագծերը նպաստում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ատելությամբ լի պատերազմական հռետորանաբանությանը և խթանում են կողմնակալությունը: Երկու որոշումների նախագծերն ակնհայտորեն զուրկ են ամբողջական, անկողմնակալ հետազոտությունից և ընտրողաբար բաց են թողնում կարևոր փաստերը և վնասում են բանակցային գործընթացին»,- ասված է հայտարարությունում:

Ֆեդերացիան բողոքում է այս երկու որոշման նախագծերի դեմ, որոնք կապ չունեն «հակամարտության իրական կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացի հետ և խթանում են ԵԽԽՎ-ի անդամների թաքնված անձնական և ֆինանսական շահերը»։

Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD) եվրոպական ինստիտուտներում հայկական ծագմամբ եվրոպական երկրների քաղաքացիներին ներկայացնող ոչ կառավարական կազմակերպություն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---