Չավուշօղլու. Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը

Չավուշօղլու. Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը

PanARMENIAN.Net - Մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի։ Այդ մասին Թուրքիայում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Tert.am-ը haberler.com-ի վրա հղումով։

Պատասխանելով հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցին` նախարարը կրկնել է, թե Հայաստանը «շրջափակել» է Ադրբեջանի տարածքի 20%-ը։

«Ադրբեջանի խնդիրն անմիջականորեն Թուրքիայի խնդիրն է»,- նշել է Չավուշօղլուն։

Վերջերս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակված 64-րդ կառավարության ծրագրում ասվում է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել խաղաղ ճանապարհով Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել ադրբեջանական տարածքների «գրավմանը» վերջ տալու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թոթափման ուղղությամբ:

«Առաջիկա ժամանակաշրջանում շարունակելու ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը։ Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ շահերի և գործակցության կայացմանը միտված բազմակողմ քայլերի պատրաստակամություն, արդար հիշողության հայեցակարգին չհակասող, պատմական ուսումնասիրության վրա հիմնված հեռատեսություն մեր նախաձեռնություններին ընդառաջ։ Կովկասում խաղաղության, կայունության ու բարօրության մթնոլորտի հաստատումը հնարավոր է միայն այդ ճանապարհով», - ասված է ծրագրում:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---