Ռազմական փորձագետ. Թուրքիան կարող է սպառնալ ՀՀ-ին, ՌԴ ռազմաբազան ամրացնում է անվտանգությունը

Ռազմական փորձագետ. Թուրքիան կարող է սպառնալ ՀՀ-ին, ՌԴ ռազմաբազան ամրացնում է անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ամրացնում է իր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգությունը, տարածաշրջանային սպառնալիքներին, վտանգներին դիմակայելու համար: Այսպիսի տեսակետ է հայտնել ռուս ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն` անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ-ն ամրացնում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ռազմական նշանակության ուղղաթիռներով, անօդաչու սարքերով և այլ սպառազինությամբ:

«Ռազմաբազայի զինումը մեզ կտա վստահություն, որ անվտանգությանը սպառնալիք լինել չի կարող, որ անվտանգությունը կապահովվի, և ցանկացած ագրեսիվ գործողություն, ում կողմից էլ որ դա կազմակերպված լինի, կստանա համարժեք պատասխան: Սրա շնորհիվ Կովկասում կապահովվի կայունություն», - ասել է Կորոտչենկոն, գրում է Tert.am-ը:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Հայաստանի անվտանգությանն այս փուլում կարող է սպառնալ օրինակ Թուրքիան, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ լարված են: Կորոտչենկոյի համոզմամբ՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ուժգնացումը փոխշահավետ է երկու պետությունների համար, բխում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի շահերից:

Միաժամանակ, Իգոր Կորոտչենկոն հավաստիացրել է, որ ռազմաբազայի ուժեղացումն ամենևին չի նշանակում, որ Թուրքիայի կողմից կան սադրանքներ: Սա պարզապես ունի «ապահովագրական» բնույթ:

2015-ին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը համալրվել է Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռներով: Ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի նաև բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995 թ-ին ու ներկայումս մարտական հերթափոխ է իրականացնում ԱՊՀ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ներքո: Ռազմաբազան իր հազար անձնակազմով ենթարկվում է ՌԴ զինված ուժերի Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգին: Այն զինված է հակահրթիռային С-300 համակարգերով ու ՄԻԳ-29 կործանիչներով:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---