9 տարի առաջ Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը

9 տարի առաջ Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին լրանում է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցը: Թուրքիայում սգո միջոցառումներ են անցնում` նվիրված Դինքի հիշատակին: Հայ լրագրողի հիշատակը կհարգեն նաև Ստամբուլում` հիմնական միջոցառումները կանցնեն «Ակոսի» խմբագրության մոտ:

Հունվարի 18-ին թուրքական ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ սգո միջոցառումների կապակցությամբ Ստամբուլի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը:

Դինքի սպանության գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս` 9 տարի անց: Լրագրողի սպանության գործով դատարանի առջև կկանգնեն ոստիկանության, հետախուզության և ժանդարմերիայի նախկին պաշտոնյաներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---