ՀՀ-ում ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է բացվել

ՀՀ-ում ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է բացվել

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին մասնակցել է մայրաքաղաքում ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Ներկա էին նաև ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀ զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Նախագահը շրջայց է կատարել Համալսարանի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել հաստատության ծրագրերին, Համալսարանի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ հետազոտական-կրթական նպատակներին ծառայող աշխատասենյակների հնարավորություններին, որից հետո ներկա է գտնվել Համալսարանի բացմանը նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանի զեկույցից հետո, նիստում ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄՆ պաշտպանական ազգային համալսարանի Դուայդ Դ. Էյզենհաուերի անվան ազգային անվտանգության և ռեսուրսների կառավարման ռազմավարության դպրոցի պրոֆեսոր Ջեյմս Քիգլը, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետության հետազոտությունների դպրոցի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն, գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Թեդ Օլսթրյոմը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը:

Համալսարանի գիտաժողովների դահլիճում տեղի է ունեցել նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն. ՀՀ նախագահի հրամանագրերով, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադրման գործում ունեցած ավանդի համար Ջեյմս Քիգլը, Թեդ Օլսթրյոմը, Ալեքսանդր Նիկիտինը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժանպարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում որոշվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկ կստեղծվի։ Նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանընշել է, որ համալսարանի ստեղծման նպատակներից են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանության ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը, պաշտպանական-անվտանգային ոլորտում բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա) և լրացուցիչ կրթության իրականացումը, ինչպես նաև ռազմավարական պաշտպանական-անվտանգային ոլորտում որակավորված բարձրագույն ղեկավար կազմի ձևավորումը և այլն:

Նա տեղեկացրել է նաև, որ համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը բաղկացած է նախագահից և 19 անդամից:

Կստեղծվի նաև համալսարանի հիմնադրամը, որի նպատակն է աջակցել համալսարանի գործունեությանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշումը հաստատելուց հետո նշել է, որ այն որևէ լրացուցիչ ֆինանսական բեռ պետության վրա չի առաջացնում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---