ԱԳՆ. Թուրքիայում ձերբակալված ՀՀ քաղաքացիներին աջակցելու հնարավորությունը սահմանափակ է

ԱԳՆ.  Թուրքիայում ձերբակալված ՀՀ քաղաքացիներին աջակցելու  հնարավորությունը սահմանափակ է

PanARMENIAN.Net - Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում բնակվող Սեդա Աիդա Դեմիրջին և նրա ամուսինը՝ Հակոբ Յակուփ Դեմիրջին, հարձակման են ենթարկվել իրենց տանը: Երեքհոգանոց խումբը թափանցել է Դեմիրջիների բնակարան, խեղդամահ արել Դեմիրջին ու վնասվածքներ հասրցել Սեդային: Բնակարանը թալանվել է:

Սեդա Աիդա Դեմիրջին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել և տեղափոխվել ազգականների մոտ: 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են:

«Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը:

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հանցագործների ինքնությունը դեռ բացահայտված չէ, ինչպես նաև հստակ չէ, թե կատարվածը պետք է որակել որպես գողություն, թե ատելության հողի վրա իրականացված սպանություն: Սակայն հարձակման զոհ դարձած զույգը կապված է էղել խոզի կաշվից պատրաստված պարանով` մեթոդը հնուց ի վեր օգտագործվում է Թուրքիայում այլադավաններին նվաստացնելու համար: Այդ մանրամասնը թույլ է տալիս ենթադրել, որ հարձակումը տեղի է ունեցել ազգայնական հողի վրա:

Հայերը Ստամբուլում հաճախակի են բռնությունների թիրախ դառնում: Դեռևս 2012 թվականին Ստամբուլի Սամաթյա թաղամասում հարձակման էին ենթարկվել տարեց հայուհիներ`նոյեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկվել 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, ով կորցրել էր մեկ աչքը, դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում դանակի 8 հարվածով սպանվել էր 84-ամյա Մարիցա Քյուչյուքն (ում մարմնին արյունով խաչ էր պատկերված), 2013-ի հունվարի 6-ին, եկեղեցի գնալու ճանապարհին, 3 անձինք ավտոմեքենայով փորձել էին առևանգել տարեց մի հայուհու, սակայն նա կարողացել էր փրկվել, հունվարի 22-ին բնակարանի մուտքի մոտ անհայտ անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել 83-ամյա Սուլթան Այքարը, ով կորցրել էր մեկ աչքը: Թուրքական ոստիկանությունը սպանությունների համար ձերբակալել է շիզոֆրենիայով տառապող հայ Մուրադ Նազարյանին, ում դատավարությունը շարունակվում է ցայսօր. ինքը Նազարյանը պնդում է, որ անմեղ է ու սպանությունների ու հարձակումների հետ որևէ առնչություն չունի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---