Արցախում նշում են Վերածննդի օրը

Արցախում նշում են Վերածննդի օրը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարևորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ:

28 տարի առաջ Արցախն իսկապես վերածնվեց, վերածնվեցին նրա ազատատենչ ոգին, հայեցի շունչն ու հավատը սեփական ուժերի և լուսավոր ապագայի հանդեպ: Դա իրավական, բարոյական և համամարդկային արժեքների վրա հիմնված պայքար էր, համազգային շարժում, որն այս անգամ արդեն իր շուրջը համախմբեց ողջ հայ ժողովրդին աշխարհի տարբեր ծայրերում, համախմբեց ու միավորեց մեկ գաղափարի շուրջ՝ ապրել ազատ ու անկախ պատմական հողի վրա: Դա յուրաքանչյուր ազգի օրինական իրավունքն է, և մեր իրավունքը մենք պաշտպանեցինք մեր արյան գնով:

Այսօր 1988-ի նվիրյալների գործը շարունակում է երիտասարդ սերունդը, նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են արդեն Արցախի Հանրապետությունում և արժանիորեն կրում են նրա քաղաքացին լինելու բարձր պատիվը: Նրանք լավ են սերտել հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու իրենց հերոս պապերի ու հայրերի պատգամը և պատրաստ են ամեն ինչ անել Արցախի զարգացման ու զորացման, նրա պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ապահովման համար: Այդպես եղել է և այդպես կլինի այսուհետ:

Թանկագի՛ն արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու եւ յուրաքանչյուր ընտանիքի»:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա: Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ:

1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ շրջանային խորհրդի և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե անցկացվեց, որտեղ բնակչության մեծ մասը՝ 99,89 տոկոսը արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախություն ստանալու օգտին:

Դեկտեմբերի 28-ին դրան հաջորդած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց առաջին կառավարությունը: ԼՂՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ իր պարտականությունների կատարման լիակատար շրջափակման և դրան հաջորդած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում: 1992-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում իրականացվում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---