500.000 դրամ տուգանք մանկապարտեզի տնօրենին՝ ընտրակեղծարարության համար

500.000 դրամ տուգանք մանկապարտեզի տնօրենին՝ ընտրակեղծարարության համար

PanARMENIAN.Net - Հանրաքվեի ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկելու համար փետրվարի 25-ին դատապարտվել է հերթական ընտրակեղծարարը. Նոր Նորքի դատարանի կողմից մանկապարտեզի տնօրենը տուգանվել է 500 հազար դրամի չափով:

Ավանի թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանը՝ լինելով հանձնաժողովի անդամ, ստորագրել ու քվեարկել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն։ Ընտրախախտումների՝ մինչ օրս քննված մյուս բոլոր գործերով անցնող կեղծարարների օրինակով, մանկապարտեզի տնօրեն Ստեփանյանն էլ ընդունել է մեղքն ու միջնորդեց՝ գործը քննել արագացված կարգով, առանց ապացույցներն ուսումնասիրելու:

Խնդրելով չազատազրկել իր պաշտպանյալին՝ ընտրակեղծարարի շահերի ներկայացուցիչն իր ճառում Ստեփանյանին բնորոշել է թրպես հանրօգուտ աշխատանքով զբաղվող մարդու: Ինքը՝ մանկապարտեզի տնօրեն Ստեփանյանը, վերջին խոսքով հանդես չի եկել, միայն կրկնել է, որ ընդունում է մեղքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թե՛ դատախազը, ով Ստեփանյանի համար պահանջել էր պատիժ՝ 600 հազար դրամ տուգանքի չափով, թե՛ դատավորը, փորձ չարեցին պարզել՝ ինչու՞ է երեխաների դաստիարակությամբ զբաղվող կինը որոշել գողանալ ուրիշի քվեն:

Այլ անձի փոխարեն քվեարկած մանկավարժը նախորդ դատական նիստին չէր ցանկացել, որ իրեն տեսանկարահանեն, պնդելով՝ չի ուզում որ վարկաբեկվի իր արժանապատվությունը: Տնօրենն այսօր ևս րի պարզաբանել՝ արդյո՞ք իր կամքով է ընտրակեղծիք կատարել և ինչպե՞ս է վճարելու տուգանքը: Նրան ուղեկցող հարազատներն ասացին, թե Ստեփանյանն իրեն լավ չի զգում:

Շիրակի մարզում փետրվարի 24-ին երրորդ անգամ դատարանը տոըգանքն է սահմանել ընտրակեղծարարի համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գյումրիի մասնաճյուղի հսկիչ Արա Դարբինյանը հանրաքվեի օրը մեկ անգամ իր հաշվառման վայրում էր քվեարկել, մեկ անգամ էլ հարևան տեղամասում` գյումրեցի Գագիկ Գևորգյանի փոխարեն:

Թեև մեղադրողը պահանջել էր «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցչին տուգանել 600.000 դրամով, դատարանը որոշել է ավելի մեղմ գտնվել և Դարբինյանին տուգանել է 500.000 դրամով։

Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեդարվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին փետրվարի 15-ին տուգանել է 600.000 դրամով։ Աթայանը մեղադրվում էր հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ:

Ամբաստանյալ Մհեր Ռշտունին 2015-ի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը պետք է քվեարկեր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 10/6 ընտրատեղամասում: Դրա փոխարեն նա գնացել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Երվանդ Քոչարի 12/1 հասցեում, Նար Դոսի անվան դպրոցում տեղակայված 10/14 ընտրատեղամաս և քվեարկել է այլ անձի՝ Ժենյա Ղասաբօղլյանի փոխարեն և ստորագրել ընտրացուցակի 562 համարի դիմաց:

Մհեր Ռշտունու նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով:

Փետրվարի 5-ի դրությամբ Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հարուցվել է 67 քրեկան գործ, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ, 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով չորս անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---