Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին օտարվել է

Դիարբեքիրի հայկական  Սբ Կիրակոս  եկեղեցին օտարվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի Նախարարների խորհրդի որոշմամբ Դիարբեքիրի Սուրում օտարման ենթարկված տարածքների շարքում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։

Սբ Կիրակոս եկեղեցին, որը տարիներ շարունակ մնացել է բախտի քմահաճույքին, մեծ ջանքերի շնորհիվ վերանորոգվել էր և վերաբացվել։ Սուրում 124 մոնումենտալ, 410 քաղաքացիական ճարտարապետական կառույց կա: Դիարբեքիրի պարիսպներն ու Հեվսել այգիները 2015-ին ներառվել էին համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Սուր գավառը համարվում է Դիարբեքիրի պարիսպների «բուֆերային գոտին»։

Թուրքիայի պաշտոնական թերթի մարտի 25-ի համարում ներկայացված էր Նախարարների խորհուրդի՝ «անհապաղ օտարման» որոշումը Դիարբեքիրի Սուր գավառի 6 հազար 300 տարածքի մասին։ Տեղեկության համաձայն՝ օտարման ենթարկելու որոշում է կայացվել Դիարբեքիրի Աբդալդեդե, Ալիփաշա, Ջեմալ Յըլմազ, Ջեմիքեբիր, Ջևաթփաշա, Դաբանօղլու, Հասըրլը, Ինոնյու, Իսքենդերփաշա, Լալեբեյ, Մալիքահմեդ, Օզդեմիր, Սուլեյմանգազի, Սավաշ, Շեմհանե, Զիյագյոքալփ և Յենիշեհիր թաղամասերում գտնվող մի շարք շենքերի, տարածքների համար։

Դիարբեքիրի քաղաքապետարանի՝ Մշակութային ժառանգության գրասենյակի նախագահ Նևին Սոյլուքայան նշել է, որ Սուրում գտնվող բոլոր եկեղեցիների և հիմնադրամներին պատկանող տարածքների օտարման որոշում է կայացվել։ Նա նաև նշել է, որ օտարման ցանկի մեջ կան քաղաքապետարանին պատկանող ունեցվածքներ և որ իրենք սրա հետ կապված դատական գործընթաց են սկսելու։ Սոյլուքայանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ սեփականատերերը նույնպես դատական գործընթաց սկսեն, գրում է «Ակօս»-ը։

Սուր գավառը որ մահմեդական բնակչության աղոթատեղերի կենտրոնն է։ Սբ Կիրակոս եկեղեցին, ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները Սուրում են գտնվում և այժմ փակ են։ Ոչ մահմեդականների համար Դիարբեքիրում իրենց արարողություններն իրականացնելու համար այլ եկեղեցի չկա։ Եկեղեցին վերականգնվել էր տարբեր երկրներից ստացված օգնության շնորհիվ։ Եկեղեցու վերականգնման աշխատանքների համար մոտ 2 մլն թուրքական լիրա էր ծախսվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---