ԼՂՀ ԱԳ նախարարը և Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են Բաքվի ռազմական ագրեսիան

ԼՂՀ ԱԳ նախարարը և Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են Բաքվի ռազմական ագրեսիան

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային (Չեխիայի Հանրապետություն), ով Արցախ էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ։

Կողմերը մտքեր են փոխանակել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների շուրջ։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այն Ադրբեջանի կողմից վաղուց նախապատրաստված ու կանխամտածված փորձ էր՝ տապալել խաղաղ գործընթացը և լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով, որը, սակայն, ձախողվեց։ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այդ ընթացքում իրականացվել են ռազմական հանցագործություններ, որոնք ուղեկցվում էին պատերազմի օրենքների ու սովորույթների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի զանգվածային խախտումներով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Եվրամիության միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Ընթերցեք նաև. Արցախում վիրավորված երեխաներին այցելել է ՀՀ առողջապահության նախարարը. Վիճակը բարելավվում է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---