Գլենդելում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել

Գլենդելում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Գլենդել քաղաքի պաշտոնյաները և համայնքի ղեկավարներն օրերս Brand գրադարան-արվեստի կենտրոնում ցուցահանդես են բացել, որը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, ինչպես նաև Ցեղասպանությանն ու դրա հետևանքներին:

«Հայաստան. բաց վերք» ցուցահանդեսի բացմանն այցելել է մոտ 500 մարդ։ Այն բաց կլինի մինչև հունիսի 11-ը, Los Angeles Times-ին հղումով գրում է Tert.am-ը։

Քաղաքի գրադարանի, արվեստի և մշակույթի բաժնի և Հայ-ամերիկյան թանգարանի գործակցությամբ ներկայացված ցուցահանդեսը դիտելու համար հարկավոր է 30-45 րոպե։ Այն ցուցադրվում է Գլենդելում Մեխիկոյի հիշողության և հանդուրժողականության թանգարանում ցուցադրվելուց:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», ինչի առթիվ այդ օրը բոլոր դպրոցների համար կլինի ոչ աշխատանքային: Այսպիսով, Գլենդելը կլինի ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապրիլի 24-ին կփակի դպրոցների դռները: Բացի այդ, դպրոցներում օգտագործվող բոլոր օրացույցերում ապրիլի 24-ը կնշվի որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---