Ամերիկահայերը կոչ են արել Ուորլիքին դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

Ամերիկահայերը կոչ են արել Ուորլիքին դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

PanARMENIAN.Net - ՀՅԴ ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահներ Հայկ Օշականը և Տարոն Տեր-Խաչատուրյանը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համբարյանը և Կառավարության հետ կապերի բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, հայտնում է Armenian Weekly-ին:

Հանդիպումը պայմանավորված էր ապրիլի 2-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակմամբ: ԱՄՆ հայ համայնքի առաջնորդները պահանջել են դատապարտել Բաքվի ագրեսիան, վայրագություններն ու նոր պատերազմի սպառնալիքները:

Նրանք պահանջել են նաև «Լիհիի օրենքի» շրջանակում մարդու իրավունքների խախտման հետաքննություն կատարել` հաշվի առնելով ադրբեջանական կողմի ագրեսիան և մարդու իրավունքների խախտումները ԼՂՀ քաղաքացիների և զինծառայողների նկատմամբ:

«Լիհիի օրնեքն» արգելում է ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերել այն անձանց և խմբերին, որոնք կոպտորեն և սիստեմատիկաբար խախտում են մարդու իրավունքները:

Ամերիկահայերը կոչ են արել ԱՄՆ Պետդեպարտամենտին չլռել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի Ստեփանակերտը ռմբակոծելու սպառնալիքի հարցում:

Ամերիկահայ կառույցների ներկայացուցիչներն իրենց հիասթափությունն են հայտնել ԱՄՆ կառավարության Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործման հարցում Ադրբեջանի արգելքն հաղթահարելու անկարողության առթիվ:

Ռոյս-Էնգելի առաջարկները նախատեսում են կանխել դիպուկահարների, ծանր ռազմական տեխնիկայի, ԵԱՀԿ դիտորդների և շփման գծի երկայնքով լոկատորների տեղակայումը:

90 րոպե տևած հանդիպման ժամանակ ԱՄՆ հայկական կառույցների ղեկավարները նշել են, որ ԱՄՆ հայ համայնքը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո կրկնապատկել է ԼՂՀ-ին սատարելու և աջակցելու վճռականությունը: Նրան նաև նշել են, որ համայն հայությունը միասնական է ԼՂ անվտանգությանն, անկախությանն ու ինքնորոշման իրավունքին սատարելու հարցում:

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները կողմ են արտահայտվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու բանակցություններին` ԼՂՀ պարտադիր մասնակցությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---