Մաքսանենգությունը կապաքրեականացվի՝ վնասի փոխհատուցման դեպքում

Մաքսանենգությունը կապաքրեականացվի՝  վնասի փոխհատուցման դեպքում

PanARMENIAN.Net - Կառավարության հավանությանն է արժանացել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը:

Փաթեթի կարգավորման առարկան մաքսային կանոնների խախտումների համար քրեական պատասխանատվության դրույթների ներդաշնակեցումը, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում և հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ անհստակությունները, տարընթերցումները կարգավորելն է:

Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության նորմերը կներդաշնակեցվեն ԵՏՄ օրենսդրությանը, ինչպես նաև կպարզեցվեն և կհստակեցվեն հարկային և մաքսային վարչարարությանը վերաբերող առանձին դրույթներ:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվող անկյունաքարային մոտեցումներից մեկը քրեական օրենսդրությունով նախատեսված մաքսանենգություն հոդվածի ապաքրեականացումն է՝ ՀՀ ներմուծվող ապրանքների մասով:

«Դա նշանակում է, որ այս փաթեթի ընդունումից հետո ՀՀ ապրանքների ներմուծումը, որը կատարվել է մաքսային հսկողությունը շրջանցելով կամ որի մասով ներկայացված մաքսային հայտարարագրերում առկա են ոչ ճշգրիտ տեղեկություններ՝ չի դիտարկվելու մաքսանենգություն և չի կիրառվելու քրեական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը: Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվելու է վճարել պակաս վճարված մաքսային վճարները:

Ինչպես նաև քրեական պատասխանատվությունը փոխարինվելու է վարչական պատասխանատվությամբ՝ մաքսային արժեքի 100 տոկոսի չափով:

Այնուհետև, եթե դրանից հետո տնտեսավարող սուբյեկտները չեն փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, ապա արդեն նոր միայն կիրառելի կլինի «Քրեական օրենսգրքի» 205 հոդվածն այնպես, ինչպես դա կիրառելի է հարկերի չվճարման պարագայում»,- ասել է Միրումյանը՝ հավելելով, որ ապաքրեականացումը չի վերաբերում, մասնավորապես՝ թմրանյութերի, զենք-զինամթերքի, ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև կանխիկ դրամի սահմանաչափը գերազանցող ներմուծմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---