ՀՀ-ն «Ռոստեխից» «Նաիրիտի» վերագործարկման առաջարկներ է ակնկալում![]() 5 մայիսի 2016 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մինչև հունիսի կեսը «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ առաջարկներ է ակնկալում ստանալ ռուսական «Ռոստեխից»: Այդ մասին մայիսի 5-ին լրագրողներին է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նախատեսվում էր, որ «Ռոստեխի» մաս կազմող «ՌԴ-Խիմկոմպոզիտը», որը ՌԴ քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկն է կոմպոզիտային նյութերի արտադրության ոլորտում, առաջարկություններ կներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման մասին մինչև 2016-ի օգոստոսի 1-ը: «Մենք նրանց պատասխանին ենք սպասում, որը նախատեսվում է մինչև հունիսի 16-ը»,-ասել է Յոլյանը: Նա հավելել է, որ աշխատանքային խումբը կշարունակի աշխատանքը, որի նպատակն է ընթացիկ վիճակի ուսումնասիրությունն ու ձեռնարկվելիք քայլերը: «Նաիրիտի» գործարկման համար, ըստ նախնական գնահատականների, կպահանջվի մոտ $200-300 միլիոնի ներդրում: Մարտի 16-ին խորհրդարանում կառավարական ժամի շրջանակում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հայտարարեց, որ «Ռոստեխ» կորպորացիայի «ՌՏ-Խիմկոմպոզիտ» հոլդինգը առաջարկություններ կներկայացնի «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար: «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր ԽՍՀՄ տարածքում: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին 40 մլն դոլարվ, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը: 2010-ի ապրիլից գործարանը չի աշխատում: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը 2015-ի հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ի՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները: ՀՀ կառավարությունը 2015-ի օգոստոսին ամբողջությամբ մարել է քիմիական հսկայի աշխատակիցների աշխատավարձերի բոլոր պարտքերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |