ՀՀ կրթության նախարարությունը Ջավախք ուղարկվող դասագրքերով չի զբաղվում

ՀՀ կրթության նախարարությունը Ջավախք ուղարկվող դասագրքերով չի զբաղվում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայումս չի կարող աջակցություն ցուցաբերել Վրաստանի կրթության նախարարության հետ բանակցություններում, քանի որ պաշտոնական ձևակերպումը պահանջում է ֆինանսական փաստաթղթեր, որոնցում երևում է դասգրքեր ձեռքբերած գերատեսչության անվանումը, որը հանդիսանում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Հարցին, թե ՀՀ ԿԳՆ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Ջավախքում հայալեզու կրթությանը նպաստելու և այդ ոլորտում առկա խնդիրները թեթևացնելու համար, այսպես է պատասխանել ՀՀ ԿԳՆ-ն:

«Ջավախք ինֆո»-ն ՀՀ ԿՆԳ-ից հետաքրքրվել էր, թե 2015-ին Հայաստանից Ջավախքի հայկական դպրոցներին ի՞նչ դասագրքեր են ուղարկվել, և արդյոք ՀՀ ԿԳՆ-ն չի գնահատել Ջավախքի դպրոցների կարիքները՝ ճիշտ և ծրագրային գրքեր ուղարկելու համար:

Վրաստանի՝ մասնավորապես Ջավախքի հայկական դպրոցներին հայոց լեզվի և գրականության դասագրքեր ուղարկվել էր 2015-ի նոյեմբեր ամսին: Ավելի քան 5000 կտոր «Մայրենի լեզվի» դասագիրք ՀՀ Սփյուռքի նախարարության միջոցով հասել էր Ջավախք, որը ենթադրաբար պիտի բաժանվեր դպրոցականներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դասագրքերը չեն համապատասխանում այն ծրագրերին, որոնցով դասվանդում են Ջավախքի դպրոցներում, ավելին` այդ դասագրքերով չեն դասավանդում Հայաստանի և Արցախի ոչ մի դպրոցում:

ՀՀ ԿԳՆ-ն նշել է, որ այո նման բան եղել է, սակայն իրենք 2013-ից ի վեր այդ հարցերով չեն զբաղվում, գրում է «Ջավախք ինֆո»-ն:

Ըստ ՀՀ ԿԳՆ, Սփյուռքի հետ կապերի բաժնի՝ «Ջավախք ինֆո»-ին տրամադրած տվյալների, Վրաստանի հանրային դպրոցներին հայերենի ուսուցմամբ դասագրքերի տրամադրումը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականացրել է 2002-2013թթ.: Առաքման գործընթացն իրականացվել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ` ուսումնական գրականությունը Վրաստանի որպես հումանիտար բեռ ճանաչելուց հետո:

2009-2013թթ., ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Վրաստանի դպրոցներին տրամադրվել է 61.522 կտոր գրականություն:

Մայրենի լեզվով կրթություն ստանալու խնդիրը Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիներին անհանգստացնող ամենասուր խնդիրներից է: Կա «Մայրենի լեզվի» և «Գրականության» դասագրքերի լուրջ պակաս: Բացի դրանից, Վրաստանում տպագրված և հայկական դպրոցներին առաքվող դասագրքերում բազմաթիվ փաստական և ուղղագրական սխալներ կան: Բիլինգված ուսուցման ծրագրով նախատեսված՝ թեմաների կեսը հայերեն են, վերնագրերը և մյուս մասը՝վրացերեն, ինչը հայաբնակ տարածաշրջանում ապրող և վրացերենին լիարժեք չտիրապետող երեխայի համար հավելյալ դժվարություն է:

 Ուշագրավ
Վիզայի հնարավոր տրամադրումը չի երաշխավորում տարածք անհապաղ մուտքի հնարավորություն
«Խաղաղությունն ավելի ուշ հաստատվեց, քան առաջարկվել էր կողմերին»,-ասել է նա
Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը
ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ