Բաբայանը՝ քիմզենք օգտագործելու մեղադրանքի մասին. Բաքվի նպատակն է քողարկել սեփական գործողությունները

Բաբայանը՝ քիմզենք օգտագործելու մեղադրանքի մասին. Բաքվի նպատակն է քողարկել սեփական գործողությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր հայկական կողմը սպիտակ ֆոսֆորային արկ է կիրառել, ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը համարում է հերթական սև փիար ակցիան հայկական պետությունների դեմ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե մտադիր է Ադրբեջանում հավատարմագրված արտերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացնել չպայթած ֆոսֆորային զինամթերքը, որը հայտնաբերվել է շփման գծին մոտ ադրբեջանական գյուղերից մեկում: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, այն քիմիական նյութ է պարունակում:

Բաբայանը նշել է, որ ադրբեջանական կողմը նման քայլն օգտագործում է մի շարք հանգամանքներից ելնելով:

«Առաջինը, որպեսզի միջազգային հանրության մեջ սենսացիոն տրամադրություններ ստեղծի՝ քողարկելու մի շարք փաստեր, օրինակ այն, որ Ադրբեջանն է միշտ օգտագործել թունավոր նյութեր Հայաստանի ու Արցախի բնակչության դեմ, ինչպես նաև միջազգային հանրությունից քողարկի իր զինված ուժերում մի շարք ահաբեկչական խմբավորումների՝ այդ թվում «Գորշ գայլեր»-ի, «Իսլամական պետության» բազմաթիվ վարձկանների առկայությունը»,-ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Բաբայանն ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը երբեք քիմիական նյութեր կամ զենքեր չեն օգտագործել ոչ հակառակորդի բանակի, ոչ էլ առավել ևս խաղաղ բնակչության դեմ:

«1990-ին ադրբեջանական կողմը կրեոլին կոչվող քիմիական նյութով թունավորել էր Ստեփանակերտի ջրատարներից մեկը: Նույնիսկ BBC-ն դեպքին անդրադարձավ: Մայրաքաղաքի բնակչությունը չէր կարողանում ջուր խմել: Բոլոր ընտանի կենդանիները հաշված ժամերի ընթացքում սատկեցին»,-ասել է Բաբայանը:

Նրա խոսքով, նույն բանը Ադրբեջանը կատարեց երկու տարի անց՝ թունավորելով Ասկերանի, Շուշիի ու այլ բնակավայրերի ջրային պաշարները:

«Նրանք հիմա հայտարարում են, իբր Հայաստանն իրականացնում է ռադիոակտիվ թափոնների թաղում Քարվաճառի շրջանում: Իհարկե, դա սուտ է, քանի որ կա միջազգային պայմանագիր, ըստ որի Մեծամորի ատոմակայանի թափոնները տեղափոխվում են Ռուսաստան: Նրանց այդ հայտարարություններն ինքնանպատակ չեն: Եթե վաղը կարողանան հանկարծ վերահսկողություն ստանալ այդ տարածքների վրա, կթունավորեն Սևանը, քանի որ Քարվաճառից սկիզբ առնող Արփա ու Որոտան գետերը սնում են Սևանը, ինչպես նաև դեպի Ղարաբաղ գնացող ջրային պաշարների մեծ մասը»,-ասել է ԼՂՀ նախագահի խոսնակը:

Բաբայանը հիշեցրել է, որ 2005-ին Ադրբեջանի ԳԱԱ ռադիոկատիվ խնդիրների ինստիտուտի տնօրենը բացեիբաց հայտարարել է, որ Ադրբեջանում կան մեծ քանակությամբ բազմաթիվ ռադիոակտիվ նյութեր, որոնց տեղն անգամ պետությունը չգիտի: Նա հայտարարել է, որ այդ նյութերն ահաբեկիչները կարող են օգտագործել կեղտոտ ռումբեր պատրաստելու համար:

«Հիմա այդ պետությունը, որը ահաբեկչական գործողությունների, ջրային պաշարների թունավորման, զինվորների գլխատման, խաղաղ բնակչության խոշտանգման մեծ փորձ ունի, հիմա էլ քիմիական նյութեր է օգտագործում սեփական բնակչության դեմ, որպեսզի դա ցույց տա միջազգային հանրության ներկայացուցիչներին»:

Բաբայանի խոսքով, եթե այդ մարդիկ իսկապես մասնագետներ են, ապա հենց տեղում պետք է փորձանմուշներ վերցնեն և ուղարկեն իրենց պետություններ՝ պարզելու, թե որտեղից է այդ նյութը:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել է Ադրբեջանում շրջանառվող այն «տեղեկություններին» թե, իբր, հայկական կողմը քիմիական զենք է օգտագործել Ադրբեջանի դեմ:

«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է գտնվում: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» (Վախի աչքերը մեծ են. ինչ չկա, դա էլ են տեսնում)»,-ասվում է Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---