ԼՂՀ ԱԳՆ-ն՝ Բաքվի հերթական ապատեղեկատվության մասին. Արցախում բոլոր հուշարձանները պաշտպանված են

ԼՂՀ ԱԳՆ-ն՝ Բաքվի հերթական ապատեղեկատվության մասին. Արցախում բոլոր հուշարձանները պաշտպանված են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբրև թե օգտագործվում են ռազմական նպատակներով, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը:

«Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում 1992 թ. Շուշիի Ղազանչեցոց տաճարի վերածումը զինապահեստի, կրկին փորձում է իր իսկ վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին: Կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն և նպատակային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտները ոչ միայն Ադրբեջանի ամբողջ տարածքում, այլև ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջանում:

Վանդալիզմի ամենաաղաղակող ակտը Նախիջևանում Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտակայքում գտնվող հայկական միջնադարյան խաչքարերի գերեզմանատան ոչնչացումն է և 2005 թ. նույն տեղանքում հրաձգարանի կառուցումը: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ադրբեջանական կողմը, ձգտելով խուսափել պատասխանատվությունից, առայսօր չի թույլատրում միջազգային փորձագետներին այցելել այն վայրը, որտեղ գտվում էր խաչքարերի գերեզմանատունը», - ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունում:

«Եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես շահագրգռված են պատմական և մշակութային հուշարձանների ուսումնասիրության առաքելությամբ, այլ ոչ թե հետապնդում են միայն քաղաքական կամ քարոզչական նպատակներ, ապա մենք իրավունք ունենք ակնկալելու, որ առաքելության աշխատանքները կսկսվեն այցելությամբ ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջան և Նախիջևան»:

Միաժամանակ արտգործնախարարությունը նշում է, որ ԼՂՀ տարածքում գտնվող բոլոր ճարտարապետական հուշարձանները, անկախ ծագումից, ընդգրկված են ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պաշտպանության տակ:

Ընդգծվում է, որ ԼՂՀ-ն եղել և մնում է բաց միջազգային գործակցության համար՝ մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության ու պահպանության հարցում, և նույնպիսի բաց վարքագիծ է ակնկալում նաև Ադրբեջանից:

Տարիների ընթացքում Ադրբեջանում ոչնչացվել են բազմաթիվ հայկական հուշարձաններ ու հուշարձանային համալիրներ: Առավել հայտնի նման դեպքը Երնջակից ոչ հետու գտնվող Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան հիմնահատակ ավիրումն է: Խաչքարերի զանգվածային ոչնչացումը սկսվեց Հին Ջուղայում դեռ 1998 թվականին, երբ ադրբեջանցի զինվորները բուլդոզերներով հարթեցրին հայկական գերեզմանոցի տարածքը: Այդ գործողությունները, որ կասեցվել էին միջազգային բողոքի ալիքի պատճառով, վերսկսվեցին 2003-ին: Շատ խաչքարեր հողին հավասարեցվեցին, մնացին հողի տակ, մյուսները ջարդեցին ու գցեցին Արաքս գետը: 2005-2006 թթ. հայկական գերեզմանոցն ոչնչացվեց ամբողջությամբ: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ԱՄՆ Արևմտյան ափի Համահայկական կրթական ու մշակութային ասոցիացիայի հետ համատեղ փաստաթուղթ է ներկայացրել շուրջ 5000 հազար միջնադարյան խաչքարերի ոչնչացման մասին: Ըստ Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի, խաչքարերի ոչնչացումը կազմակեպել էին Ադրբեջանի իշխանությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---