ԵԱՀԿ դիտարկում Մարտունու ուղղությամբ. Խախտումներ չեն արձանագրվել

ԵԱՀԿ դիտարկում Մարտունու ուղղությամբ. Խախտումներ չեն արձանագրվել

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արևելյան ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 30-ին հայտարարել է, որ ԵԱՀԿ գործող նախագահության ընդլայնումը թույլ կտա ավելացնել դիտարկումների քանակը: «Այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահությունը հանձնարարել է ինձ պատրաստել անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգը: Ընդլայնումը չի ազդի իմ մանդատի վրա, բայց կավելանա դաշտային օգնականների քանակը: Դրա շնորհիվ գրասենյակը կկարողանա ավելացնել մշտադիտարկումների քանակը և կանոնավոր կապեր հաստատել իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Դա թույլ կտա ԵԱՀԿ նախագահությանն ու համանախագհներին ավելի բազմակողմանի տեղեկատվություն ստանալ իրավիճակի մասին: Միաժամանակ դա թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել աջակցություն մասին հարցումներին` կապված իմ մանդատի շրջանակում իրավիճակի սրման ռիսկերի նվազեցման հետ»,- ասել է Կասպշիկը:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---