ՀՀ և ԼՂ օմբուդսմենները՝ Բաքվում ՀՀ քաղաքացու վկայականի հայտնաբերման մասին. Պետք է վերադարձնեք

ՀՀ և ԼՂ օմբուդսմենները՝ Բաքվում ՀՀ քաղաքացու վկայականի  հայտնաբերման մասին. Պետք է վերադարձնեք

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական Ալեքսան Առաքելյանի անունով:

Տեղեկության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի աշխատակազմերն իրականացրել են առանձին ուսումնասիրություններ և հանգել հետևության, որ տեղեկության մեջ նշված փաստաթուղթը առերևույթ պատկանում է ԼՂՀ պաշտպանության բանակի փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի 1982թ. ծնված Ալեքսան Առաքելյանին:

Վերջինս անհետ կորել էր ապրիլի 2-ին՝ ԼՂՀ նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը: Ա.Առաքելյանի դիակը ադրբեջանական կողմն արցախյան իշխանություններին վերադարձրել են ապրիլի 10-ին:

«Նշվածի կապակցությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմը պարտավոր է կատարել Միջազգային մարդասիրական իրավունքով՝ 1949 թվականի Ժնևի Առաջին կոնվենցիայի 16-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված պարտականությունը և ապահովել նշված փաստաթղթի վերադարձնելը փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքին՝ պահպանելով բոլոր պահանջվող կանոնները: Ադրբեջանական իշխանությունները նաև պարտավոր են հանգամանալից քննության արդյունքում տալ մանրամասն հրապարակային բացատրություն այն մասին, թե փոխգնդապետ Առաքելյանին պատկանող անձնական փաստաթուղթն ինչպես է հայտնվել Բաքվում և այն էլ հանրային տարածքում», - ասված է ՀՀ և ԼՂ օմբուդսմենների համատեղ հայտարարության մեջ:

«Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող և հատկապես՝ Ադրբեջանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում խստորեն հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նկարագրված խախտումը վերացնելու, ինչպես նաևխախտման պատճառների վերաբերյալ քննություն իրականացնելու` ադրբեջանական իշխանությունների պարտավորության կատարման ընթացքին», - հավելում են մարդու իրավունքների պաշտպանները:

Նշվում է, որ նկարագրված փաստը լինելու է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---