ԼՂՀ-ում պոլիոմիելիտի դեմ նոր պատվաստանյութ կներդրվի

ԼՂՀ-ում պոլիոմիելիտի դեմ նոր պատվաստանյութ  կներդրվի

PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսի 1-ից Արցախում կներդրվի նոր՝ Ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստանյութ: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը` հավելելով, որ 2016-ից աշխարհում եռավալենտ պոլիոմիելիտի պատվաստանյութի փոխարեն, սկսել են կիրառել այդ նոր` եռավալենտ պատվաստանյութը:

Այն կկիրառվի մկանային ներարկման եղանակով` նախատեսված 2016-ի հունվարի 1-ից հետո ծնված 24 շաբաթական և բարձր տարիքի երեխաների համար: Նոր պատվաստանյութի ներդրումը կիրականացվի 2 փուլով ՝ սկզբում 1 դեղաչափով` մինչ այժմ կիրառվող պատվաստանյութի հետ միասին, իսկ այնուհետև 2018 թվականից ամբողջ աշխարհում կիրառման մեջ կդրվի միայն Ինակտիվացված պոլիոմիելիտի պատվաստանյութը, հայտնում է Արցախպրեսսը:

Դեռևս 2012-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է պոլիոմիելիտի արմատական վերացման մասին՝ որպես գլոբալ արտակարգ վիճակ հանրային առողջության համար:

Պոլիոմիելիտը հպավարանցիկ վիրուսային հիվանդություն է, որն արագ տարածվում է փոխանցվելով շփման միջոցով: Վիրուսն ախտահարում է նյարդային համակարգը և կարող է առաջացնել կայուն կաթված:

Նախատեսված ծրագրի համաձայն առաջարկվել է ժամանակի ընթացքում աշխարհում դադարեցնել այդ հիվանդությունը կանխարգելող եռավալենտ պատվաստանյութի կիրառումը, քանի որ, այն որոշ ռիսկեր է պարունակում:

Հունիսի 17-ին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, Արցախի առողջապահության համակարգի համապատասխան օղակների բուժաշխատողներին իրազեկելու համար սեմինար են անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»- ի ներկայացուցիչներ` Ալմաստ Հարոյանն ու Բրիջիտա Սիմոնյանը: Նրանք ներկայացրել են պոլիովիրուսի փոխանցման մեխանիզմները, պոլիոմիելիտ հիվանդությունը, պոլիոմիելիտի արմատական վերացման գլոբալ առաջընթացը, իրականացվող պատվաստումները, ինչպես նաև յուրաքանչյուր պատվաստանյութի ռիսկերն և առավելություններ, նոր պատվաստանյութի ներդրման վերաբերյալ փորձագետների հիմնավորումները:

Կենտրոնի մանկաբույժ Սիմոնյանի խոսքով՝ չնայած Հայաստանում և Արցախում 1999-ից ի վեր պոլիոմիելիտ հիվանդության դեպքեր չեն գրանցվել, սակայն այդ հիվանդության նկատմամբ մարդկանց անընկալության մակարդակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները պետք հետևողականորեն շարունակվեն:

Մասնագետը նշել է, որ աշխարհում նախկին պատվաստանյութի կիրառման ընթացքում հետպատվաստումային շրջանում տեղի են ունեցել անցանկալի դեպքեր` մասնավորապես կաթված, իսկ նորն առավել անվտանգ է ու արդյունավետ` պոլիոմիելիտի կանխարգելման համար:

Իր հերթին, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»- ի պատվաստանյութերի բաժնի պետ Հարոյանը տեղեկացրել է, որ նոր պատվաստանյութը եվրոպական արտադրության է և առաջիկա շաբաթվա ընթացքում կառաքվի Արցախ, որտեղ առկա են համապատասխան սառնարանային պայմաններ և սարքավորումներ դրա պահպանման համար: Հարոյանի խոսքով՝ Արցախի առողջապահության համակարգի համապատասխան օղակների բուժաշխատողները հիմնավորապես տիրապետում են նոր պատվաստանյութի պահպանման և կիրառման առանձնահատկություններին:

Սեմինարին ներկա էին ԼՂՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, մանկաբույժներ, համաճարակաբաններ և վակցինատորներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---