Ռուսաստանցի կաթոլիկները կժամանեն Հայաստան` մասնակցելու Հռոմի պապի պատարագին

Ռուսաստանցի կաթոլիկները կժամանեն Հայաստան` մասնակցելու Հռոմի պապի պատարագին

PanARMENIAN.Net - Մի քանի խումբ ուխտավորներ կժամանեն Հայաստան Ռուսաստանից: Նրանք կաղոթեն 25 հազար հավատացյալների հետ Գյումրիի Վարդանանց հրապարակում կայանալիք Սուրբ և անմահ պատարագի ժամանակ, որը կմատուցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այդ մասին հայտնել է Մոսկվայի հայ կաթողիկե համայնքի առաջնորդ քահանա Պետրոս Եսայանը:

Մոսկվաբնակ կաթոլիկներից բացի, ուխտավորների խմբեր կլինեն նաև Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի և այլ քաղաքների հայ համայնքներից: Ըստ Եսայանի, այժմ Ռուսաստանում կա հայ կաթողիկե եկեղեցու 3 սպասավոր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 24-ին Հայաստան կատարելիք իր այցն ուխտագնացություն է անվանել: Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին:

Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ հղության հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռում Հռոմի Սրբազան քահանայապետը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Սբ պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀԱԵ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:

Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Ընթերցեք նաև. Հռոմի պապ. Ուխտագնացության եմ մեկնում Հայաստան

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---