ANCA-ն հուսով է՝ Պապի այցը ՀՀ կստիպի ԱՄՆ-ին հրաժարվել Թուրքիայի ժխտողականությանը սատարելուց

ANCA-ն հուսով է՝ Պապի այցը ՀՀ կստիպի ԱՄՆ-ին հրաժարվել Թուրքիայի ժխտողականությանը սատարելուց

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի` Հայաստան կատարելիք այցի նախաշեմին հանդես է եկել վերլուծական անդրադարձով, որում, մասնավորապես, դիտարկել է Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու թուրքական կողմի ժխտողական դիրքորոշմանն առնչվող հարցերը, հայտնում է Tert.am-ը:

«Հռոմի պապի եռօրյա այցի կուլմինացիոն պահը լիելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ այցը, որտեղ հնչեցրած նրա աղոթքները լսելի կլինեն ամբողջ աշխարհում: Հռոմի պապի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ի հակադրություն Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականության, բարոյական հզոր քայլ կլինի: Փաստացի Ֆրանցիսկոս պապն ամբողջ աշխարհի առաջ ամենասրբազան վայրում բացեիբաց մարտահրավեր կնետի իր գործած սարսափելի հանցանքը պատմության էջերից ջնջելու փորձեր անող Թուրքիային»,-գրել է Արամ Համբարյանը:

Նա նաև հույս է հայտնել, որ պոնտիֆիկոսի այցը կստիպի ԱՄՆ-ի իշխանություններին վերջ տալ աջակցություն ցուցաբերել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Asbarez-ը հիշեցնում է, որ 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի պապը «ցեղասպանություն» է որակել 1915թ. տեղի ունեցած դեպքերն ու Վատիկանում պատարագ մատուցել` ի հիշատակ բոլոր նահատակների:

«Նախորդ դարում մարդկությունն անցել է 3 զանգվածային ու աննախադեպ ողբերգությունների միջով: Դրանցից առաջինը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, տեղի է ունեցել հայ ժողովրդի` աշխարհում առաջին քրիստոնյա ազգի հետ: Մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, հակառակ դեպքում` մենք թույլ կտանք, որպեսզի չարիքն անընդհատ բացի հին վերքերը: Չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արնահոսող վերքը չվիրակապելուն»,-պատարագից առաջ ասել է Պապը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցին ընդառաջ ուղերձ է հղել հայությանը, որտեղ ուխտագնացություն է անվանել իր այցը ու խոսել դրա նպատակների մասին: «Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու, ինչպես կարգախոսն է ասում, այց առաջին քրիստոնյա երկիր: Ես գալիս եմ որպես ուխտագնաց՝ այս հոբելյանական տարին թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից», - ասում է Պապն իր ուղերձում:

«Ձեր պատմությունը և ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են ինձ մեջ հիացմունք և վիշտ: Հիացնումք՝ քանի որ Հիսուսի խաչի և ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կագնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ՝ այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա», - նշում է Ֆրանցիսկոսը:

Ընթերցեք նաև. Պապի ուղերձը հայերին. Գալիս եմ՝ ձեր հնագույն իմաստության մեջ թաթախվելու (վիդեո)

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---