ՀՀ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ում. Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա![]() 23 հունիսի 2016 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա: Այս մասին ԵԽԽՎ նիստի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման է դրվել «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը: «Հունիսի 10-ին աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը՝ մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք և մտածենք, օր, երբ պետք է գործենք և հոգ տանենք: Միգրանտների և փախստականների խնդիրը վերաբերում է ամբողջ Եվրոպային, և մեր բոլորի համար թիվ մեկ և ամենադժվար խնդիրը միգրանտներին «ոչ տանը լինելու» զգացողությունից ազատելն է: Նախ և առաջ մենք պետք է հասկանանք, որ միգրանտները կամ փախստականները, ինչպես էլ մենք անվանենք նրանց, սովորական մարդիկ են, մարդիկ, ովքեր հարկադրված լքել են իրենց հայրենիքը և հանգամանքների բերումով բնակություն հաստատել օտար պետություններում: Օտար երկրում նրանք ինտեգրվելու խնդիր ունեն, խնդիր ունեն ընդունելու նոր երկիրը և ընդունվելու այն նորի կողմից: Իմ ժողովրդի պատմությունը նույնպես փաստում է այդ մասին. հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և նոր ապաստան գտնել օտար երկրներում, որպեսզի փրկվեն կոտորածից: Հարյուր տարի առաջ նրանք տեղահանվել են թուրքերի կողմից կատարված Ցեղասպանության պատճառով», - ասել է Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանն ապաստան է տվել մոտ 30.000 փախստականի, ընդունել է մի շարք օրենսդրական կարգավորումներ` այդ մարդկանց գործարար ոլորտում տալով արտոնություններ լիարժեք ինտեգրվելու նպատակով: «Մեր կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Հայաստանում ապաստան գտած մարդկանց կյանքի նորմալ պայմաններն ապահովելու նպատակով: Եվրոպական շատ երկրներ են ապաստան տվել փախստականների և այժմ էլ բարձրացնելով նրանց անվտանգության ապահովման մասին այս նուրբ հարցը` մենք ի ցույց ենք դնում միգրանտների նկատմամբ մեր բոլորի հոգատարությունը: Սակայն, Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն` Թուրքիան, փախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանց քաղաքական շահարկումների և անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարևան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյո՞ք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ` ոչ», - նկատել է Կարապետյանը: Ելույթով հանդես է եկել նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ՝ խստորեն դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը: Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին և Վուցկովիչին զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի և դրա համապարփակ բնույթի համար` Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այդ փաստաթուղթն առաջ է քաշում այն բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց Թուրքիան պետք է անհապաղ անդրադառնա: Այս զեկույցը պարզորոշ մատնանշում է Թուրքիայում լայնամասշտաբ ժողովրդավարական հաստատությունների պակասը: Ի թիվս բազմաթիվ խնդիրների և լուրջ խախտումների` օրենքի գերակայության, օրենսդրության, դատական իշխանության, համայնքների միջև հարաբերությունների հաստատման ոլորտներում, զեկույցում նաև հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության և ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցությանն ու սահմանափակումներին, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների և շարքային քաղաքացիների հետապնդմանը: «Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում և ճնշվում է Թուրքիայում»,- նշել է Նաղդալյանը` որպես այդ դեպրեսիվ քաղաքականության զոհերից մեկի՝ հիշատակելով Հրանտ Դինքին՝ հայկական ծագմամբ ականավոր թուրք լրագրողին, ով ցինիկաբար սպանվեց Ստամբուլում, 2007թ.-ին: «Դինքը բարձրացնում էր հայերի Ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական և թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր. պայքարում էր մարդկային արժանապատվության և ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում»,- նշել է Նաղդալյանը: ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել և եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել մայիսի 20-ին թուրքական խորհրդարանի կողմից ընդունված մի օրինագծի առնչությամբ, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը: «Նոր օրենքը թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ: Ընդդիմությունը ներկայացնող մեր խորհրդարանական գործընկերները Թուրքիայում իրական վտանգի տակ են: Կցանկանայի հիշեցնել, որ 1915 թվականի առաջին զոհերը եղել են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները, այսինքն՝ հարյուրամյակ է անցել, բայց ինչ մեթոդներով որ 101 տարի առաջ են լուծել հայերի հարցը, այդպես էլ այսօր քրդերի հարցն են լուծում: Եկեք կանխենք պատմության կրկնությունը», - բարձրաձայնել է տիկին Նաղդալյանը: Նաղդալյանն արձանագրել է, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման որոշումն առաջացրել է թուրքական իշխանությունների վրդովմունքը: Նաղդալյանը փաստել է, որ գերմանացի օրենսդիրներն ականատես եղան աննախադեպ ատելության կոչերի և ահաբեկման դրսևորումների: Բանաձևի նախաձեռնողները մահվան անանուն սպառնալիքներ ստացան, նրանցից ոմանք ոստիկանության պաշտպանության տակ անցան: Նախագահ Էրդողանն արյան անալիզ պահանջեց թուրքական ծագմամբ գերմանացի օրենսդիրներից, մինչդեռ «ինչպես նշեց Բունդեսթագի նախագահը` « մարդկանց արյամբ տարորոշելու դարաշրջանն ավարտվել է դեռևս 1945-ին»: «Ցավոք, ոչ Թուրքիայում, պարոն Լամերթ»,- ասել է Նաղդալյանը: Նա անդրադարձել է նաև մշակութային ժառանգության պահպանման խնդրին: «Ժամանակակից Թուրքիայում պատմականորեն գոյություն ունեն հազարավոր հայկական մշակութային և հոգևոր հուշարձաններ, որոնք շարունակաբար և միտումնավոր ոչնչացվել են: Սա թուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված հայկական մշակույթի նյութական վկայությունները վերացնելու քաղաքականությունն է»,- ասել է Նաղդալյանը` հավելելով, որ 1915 թվականի Ցեղասպանությունը ներկայում շարունակվում է` հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության տեսքով: «Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի, կայսրությունում գործող արժեքների անմիջական ժառանգորդի»,- ընդգծել է Նաղդալյանը` եվրոպացի խորհրդարանականներին կոչ անելով որպես առաջին քայլ և առաջին հերթին ի շահ Թուրքիայի՝ մոնիթորինգի գործընթաց սկսել այդ երկրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |