Գետավանում և Կոճողոտում համայնքային կենտրոններ են կառուցվում՝ ֆրանսահայերի օժանդակությամբ

Գետավանում և Կոճողոտում համայնքային կենտրոններ են կառուցվում՝ ֆրանսահայերի օժանդակությամբ

PanARMENIAN.Net - Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությանը զուգահեռ Հայաստան համահայկական հիմնադրամը ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում ճանապարհի երկայնքով ընկած բնակավայրերում: Այդ համայնքներից է նաև ճանապարհային խաչմերուկում գտնվող Գետավանը (ԼՂՀ Մարտակերտի շրջան), որտեղ Հիմնադրամը Ֆրանսիայի իր տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ համայնքային կենտրոն է կառուցում:

Երկհարկանի նորակառույցում համալիր կգործեն գյուղապետարանը, գրադարանը, խաղասրահը, 150 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը: Կենտրոնը ոչ միայն կծառայի Գետավանի և հարակից համայնքների կարիքներին, այլև, անհրաժեշտության դեպքում, իր դերակատարումը կունենա նաև ճանապարհով երթևեկողների համար:

Մոտ 400 բնակիչ ունեցող համայնքը հիմնադրամի շնորհիվ ունի նաև կանոնավոր ջրամատակարարում: Գյուղապետ Արարատ Զաքարյանի խոսքով՝ համայնքը երիտասարդացման միտում ունի. «Գնալով աճում է երեխաների թիվը, այս տարի արդեն 7 ծնունդ ունենք, նույնքան էլ սպասում ենք մինչև տարեվերջ: Ճանապարհի լիարժեք գործարկումն էլ, վստահ ենք, նոր հնարավորություններ կստեղծի համայնքի բնակիչների համար»:

Ֆրանսիայի մեր հայրենակիցների օժանդակությամբ ներկայումս նմանօրինակ կենտրոն է կառուցվում նաև ճանապարհից 2 կմ հեռավորության վրա գտնվող Կոճողոտ համայնքում: Կենտրոնը վեր է հառնում համայնքի դպրոցի կողքին, որի կառուցումը մեկ տասնամյակ առաջ ևս հովանավորել են ֆրանսահայերը:

Ընդհանուր առմամբ՝ Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Արցախում ինը համայնքային կենտրոն է կյանքի կոչվել: Ճանապարհին հարակից Վանք, Չարեքթար, Չափար գյուղերում էլ Հիմնադրամն առանձնատներ է կառուցում այդ համայնքների բազմազավակ ընտանիքների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---