Արցախում ՊԲ մոտոհրաձիգները հարձակողական զորավարժություն են անցկացրել

Արցախում ՊԲ մոտոհրաձիգները հարձակողական զորավարժություն են անցկացրել

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի գնդապետ Թաթուլ Հայրապետյանի հրամանատարությամբ գործող բրիգադի ուժեղացված մոտոհրաձգային ստորաբաժանման զինծառայողներն Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում հարձակողական թեմատիկայով զորավարժություն են անցկացրել, հայտնում է razm.info-ն ՊԲ մամուլի ծառայության «Գոյամարտ» հեռուստածրագրի վրա հղումով:

Տեսանյութի համաձայն՝ զորավարժությանը ներգրավված են եղել ինչպես տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, այնպես էլ ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայաններ:

Զորավարժության ժամանակ պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններից մոտոհրաձգային ստորաբաժանումն անցել է հարձակման և ջախջախել է թշնամու հիմնական ուժերը դասակների հենակետերում: Այնուհետև ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի հակագրոհը և վերականգնել է առաջնագիծը:

«Ըստ դիտարկումների՝ և մարտավարական գործողությունները, և կրակային խոցումը լավ են իրականացվել: Զորավարժության ընթացքում պլանավորած նպատակներին հասել ենք»,-ասել է զորավարժությանը մասնակցած զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արա Ալլահվերդյանը:

Զորավարժության ավարտին անցկացվել է արդյունքների վերլուծություն, նշվել են բացթողումները և դրական արդյունքները, իսկ աչքի ընկած զինծառայողները արժանացել են վերադաս հրամանատարության խրախուսանքին:

Վերջին շաբաթների ընթացքում Պաշտպանության բանակում անցկացվել են մի շարք այլ զորավարժություններ: Մասնավորապես բանակում անցկացվել է մեկական հետազոտական զորավարժություն տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---