Հայկական բացօթյա փառատոն Լոնդոնում. Ներկա են եղել բրիտանացի պաշտոնյաներ

Հայկական բացօթյա փառատոն Լոնդոնում. Ներկա են եղել բրիտանացի պաշտոնյաներ

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայկական բացօթյա փառատոն: Մշակութային տարբեր ուղղություններ ընդգրկող այս միջոցառումը համահայկական ամենամեծ իրադարձւթյունն է Միացյալ Թագավորությունում, որին մասնակցելու համար ժամանում են հայեր երկրի տարբեր անկյուններից:

Արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ: Համայնքի ներկայացուցիչներից բացի ներկա են եղել բրիտանացի պաշտոնատար անձինք և հյուրեր Հայաստանից: Ողջույնի խոսքով հանդես է եկել Քենսինգթոն և-Չելսիի արքայական շրջանի ղեկավար Էլիզաբեթ Ռըդերֆորդը, Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի անդամ Սթիվեն Փաունդը, ՀՀ դեսպանատան հյուպատոսական հարցերով կցորդ Հայարփի Դրմեյանը և ուրիշներ, հայտնում է «Առավոտը»:

Փառատոնն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքի ջանքերով և մասնակցությամբ։

«Մեր գլխավոր նպատակն է բրիտանահայ համայնքին, թեկուզ մեկ օրով, երկրի տարբեր ծայրերից հավաքել ու համախմբել իրենց ինքնության շուրջ՝ մեր մշակույթի, պատմության, մեր հոգևոր ժառանգության,- նշել է Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը,- ինձ համար անչափ կարևոր է հատկապես երիտասարդների ներգրավվածությունը այս ամենին: Այս տարին մեզ համար առանձնահատուկ է, քանի որ նշում ենք Հայաստանի անկախության 25-ամյակը»:

Փառատոնի ընթացում ելույթ ունեցան ճանաչված ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, «Կոմիտաս» երգչախումբը, «Ախթամար» ժողովրդական պարի համույթը և ուրիշներ: Այս տարվա ծրագրի հատուկ հյուրերն էին Հայաստանից դուդուկահար Գևորգ Կարապետյանը և երգչուհի Իվետա Մուկուչյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---