ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններում տուժած 25 մարդ մնում է հիվանդանոցներում

ՊՊԾ գնդի շուրջ իրադարձություններում տուժած 25 մարդ մնում է հիվանդանոցներում

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի տարածքից հուլիսի 31-ի երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով զինված խմբի երեք անդամ։ Համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց:

Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, ով բուժում է ստանում բաժանմունքում։

«Հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը` ոստիկան, 2-ը` լրագրող, 3-ը` զինյալ խմբից։ Վերակենդանացման բաժանմունքներում են հինգը», - նշվում է հաղորդագրությունում

«Սասնա ծռերը» գրավել են ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին, հանձնվել՝ հուլիսի 31-ին: Իրադարձությունների ընթացքում զոհվել է 2 ոստիկան, խմբից և իրավապահներից վիրավորներ են եղել: Բազմաթիվ մարդիկ են տուժել նաև ոստիկանության կողմից ցույցեր ցրելու, հատկապես՝ Սարի թաղում հուլիսի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---