90-ամյա Հանրային ռադիոն թվային հեռարձակում է սկսում. Մեկնարկը տրված է

90-ամյա Հանրային ռադիոն թվային հեռարձակում է սկսում. Մեկնարկը տրված է

PanARMENIAN.Net - Հանրային ռադիոյի թվային հեռարձակման մեկնարկը տրվել է սեպտեմբերի 5-ին, երբ ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն:

Սարգսյանը նախ ծանոթացել է «Մասս Մեդիա» գիտակրթական կենտրոնի գործունեությանը, որի հիմնական նպատակը հեռուստատեսության և ռադիոյի համար բարձրորակ կադրերի պատրաստումն է: Այնուհետև նախագահը Հանրային ռադիոյի «Նվիրյալների արահետում» ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստներ Նարա Շլեպչյանի և Ռուբեն Մաթևոսյանի անվանական տախտակների, ինչպես նաև Հանրային ռադիոյի 90-ամյակին և հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:

Նախագահը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի և ռադիոընկերության ղեկավարության ուղեկցությամբ այցելել է կենտրոնական եթերային սենյակ, որտեղ տրվել է Հանրային ռադիոյի թվային հեռարձակման մեկնարկը: Պատասխանատուների հավաստմամբ, թվային հեռարձակմամբ ցանկացած թվային ազդանշան ընդունող ժամանակակից հեռուստացույցով այսուհետ ՀՀ ամբողջ տարածքում հասանելի կլինի նաև Հանրային ռադիոն:

Սարգսյանը ծանոթացել է Հանրային ռադիոյի նոր եթերաշրջանի քաղաքականությանը՝ սեպտեմբերի 1-ին թողարկված եթերացանցին և վերանայված ծրագրացանկին, որը, ռադիոընկերության պատասխանատուների ներկայացմամբ, համալրվել է քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլ ոլորտների մոտ 20 նոր ծրագրով՝ լսարանի հետ հետադարձ կապի, սոցիալական ծառայությունների մատուցման, հասարակական շահերի սպասարկման առաջնահերթ ուղղվածությամբ:

Հանրապետության նախագահին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն ամփոփ ներկայացրել է ռադիոյում կատարված աշխատանքները, գործունեության համար ստեղծված պայմանները, այդ թվում՝ ռադիոտան շենքում 2013թ-ից մեկնարկած վերանորոգման և վերակառուցման, հարակից տարածքում կատարված բարեկարգման աշխատանքները:

Սարգսյանը Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհակալագրերով, շնորհել պատվավոր կոչումներ:

«Անշուշտ, երկար տարիներ որպես երկրորդ ներքին ձայն, ամեն առավոտ պետական ռադիոն մեզ արթնացնում էր, լիցքավորում, լավ տրամադրություն հաղորդում, ուղարկում կա՛մ աշխատանքի, կա՛մ ուսումնական հաստատություն, այնուհետև՝ տեղեկացնում մեզ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կրթում, մատուցում հայկական և համաշխարհային գրականության և երգարվեստի գոհարներ: Այսօր էլ այս համատարած լրատվական աղմուկի և շիլաշփոթի մեջ հաճելիորեն տարբերվում է Հանրային ռադիոյի ձայնը:

Եվ ես՝ որպես ռադիոլսող, շատ ուրախացա տեղեկանալով, որ Հանրային ռադիոն վերադառնում է մարդկանց տներ, որ Հանրային ռադիոն հասանելի է լինելու ունկնդիրներին այս անգամ թվային ձայնով՝ շատ ավելի մաքուր: Եվ շատ հաճելի էր «Մասս Մեդիա» կենտրոնում տեսնել, որ արդեն նոր, լավ պայմաններում հնարավորություն է ստեղծվել պատրաստելու նոր կադրեր, և շատ գեղեցիկ է ու խորհրդանշական:

Ճանաչելով այն մարդկանց, ովքեր այսօր իրենց նվիրել են Հանրային ռադիոյի զարգացման գործին, ես վստահ եմ, որ կիրառելով նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, անպայման պահելու և պահպանելու են մեր ավանդույթները: Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ»,- ասել է նախագահը:

2016-ի Մայիսի 25-ին Ազգային ժողովը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այնուհետև նախագիծը դրվել է քվեարկության:Կողմ է քվեարկել102 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3: Ըստ նախագծի 2018-ի հուլիսի 20-ից Եվրոպական միասնական ստանդարտի թվային ռադիոհեռարձակում է լինելու:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---