ԱՄՆ բժիշկներն անվճար վիրահատություններ կանեն Նոյեմբերյանում

ԱՄՆ բժիշկներն անվճար վիրահատություններ կանեն Նոյեմբերյանում

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ամերիկյան առաջատար «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի հիվանդանոցում հոկտեմբերի 16-21-ը կանցկացվեն վիրահատություններ և կտրամադրվեն բժշկական տարբեր ծառայություններ, որոնցից անվճար կարող են օգտվել Նոյեմբերյան քաղաքի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքների բնակիչները։

ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ բժիշկների խումբը` «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերթսի գլխավորությամբ կկատարեն վիրահատական հետևյալ գործողությունները. ընդհանուր եւ անոթային վիրաբուժություն, լեղապարկի հեռացում, ճողվածքի հատում (գրիժա), երակների վարիկոզ լայնացման բուժում (վերացում), ոչ չարորակ ուռուցքների հեռացում, դիմածնոտային վիրաբուժություն (չափահասների եւ երեխաների համար), նապաստակի շրթունք, քթի և բերանի միջև ստեղծված ֆիստուլաներ, գայլի երախ (քիմքի փեղեքում):

Ինչպես նաև, կվիրահատվեն փոքր ծնոտային պաթոլոգիաներ, օրինակ՝ ներոսկրային փոքր կիստաներ, գլխի և պարանոցի հատվածում փափուկ հյուսվածքների վնասվածքներ, թքագեղձի փոքր բարորակ ուռուցքներ, ակնաբուժություն, կատարակտի վիրահատություն, գինեկոլոգիա, հիստերեկտոմիա, ընդհանուր գինեկոլոգիական վիրահատություններ (արգանդ, վզիկ, և այլն): Կլինեն նաև օրթոպեդիկ միջամտություններ։

Հերթագրվելու համար պետք է զանգահարել +37493 04 17 35, +374-266-23471, +374-266-23281, +37410 521505 (107) հեռախոսահամարներով կամ գրել Missiontavush@himnadram.org էլ. հասցեին, հայտնում է Դիլիջանի համայնքապետարանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է1992-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Հիմնադրամի նպատակն է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:

Հիմնադրամի աշխատանքներում ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 25 տեղական մարմինը, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրում. Միացյալ Նահանգներում` Լոս Անջելեսում և Նյու Յորքում, Ֆրանսիայում, Կանադայում` Տորոնտոյում և Մոնրեալում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում` Բուենոս Այրեսում և Կորդոբայում, Հունաստանում, Կիպրոսում, Սիրիայում, Ուրուգվայում, Ռումինիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Իրանում, Իտալիայում եւ Քուվեյթում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---