Մինասյան. Մենաշնորհների խնդիրը գրչի մեկ ստորագրությամբ չի լուծվում

Մինասյան. Մենաշնորհների խնդիրը գրչի մեկ ստորագրությամբ չի լուծվում

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական նորմերը կյանքի կոչելուց հետո միայն որոշ խնդիրներ կլուծվեն: Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:

«Սակայն դա 1 կամ 2 օրում չի լինի, դրանք պահանջում են հետևողական ու քրտնաջան աշխատանք: Իսկ այս պահի դրությամբ օրենսդրական դաշտում իրականացվում է մեծածավալ աշխատանք:

Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ մենաշնորհների կամ շուկաների գերկենտրոնացվածության խնդիրը հեշտ է լուծել` մեկ թարս նայելով կամ գրչի մեկ ստորագրությամբ: Այդքան հեշտ որ լիներ, շատ զարգացած երկրներ չէին ունենա այդ խնդիրը»,- ասել է Մինասյանը, գրում է Yerkir.am-ը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վարչապետի հրաժարականը անակնկալ չէր, Մինասյանը պատասխանել է, որ որևէ նախարարի նախապես չեն ասում, որ վարչապետը պետք է հրաժարական տա, մանավանդ, որ այդպիսի քննարկում կառավարությունում չի եղել: Վարչապետի հրաժարականն ինքնին նշանակում է կառավարության հրաժարական, և նախարարները, ըստ Սահմանադրության, շարունակելու են իրենց գործունեությունը, քանի դեռ նախագահի կողմից նոր հրամանագիր չի ստորագրվում: Եվ այդ առումով, ըստ Մինասյանի, դա ցանկացած նախարարի համար կարող է անակնկալ լինել:

Ինչ վերաբերում է Կարապետյանի կողմից երկու փուլով` կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրով ներկայանալու փաստին, Մինասյանը ողջունել է այդ հանգամանքը` նոր վարչապետն արդեն պատրաստ ծրագրով է անցնում աշխատանքի, քանի որ լուրջ վերանայումների անհրաժեշտություն կա: Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ մինչ այժմ գործող կառավարությունն ու վարչապետը սխալ էին վարվում, այլ նոր մարտահրավերներին համապատասխան արագ մի քանի գործողություններով պետք է վերականգնել ժողովրդի հավատն ու տնտեսական որակական ցուցանիշները:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը պիտի ստանա ԱԺ համաձայնությունը:

Կարդացեք նաև՝ Սերժ Սարգսյան. Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ գրեթե ամենուր փոփոխություններ կլինեն

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---