Արտերկրից ժամանած բժիշկներն այցելել են վիրավոր զինծառայողներին

Արտերկրից ժամանած բժիշկներն այցելել են վիրավոր զինծառայողներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մասնագիտական գործունեություն իրականացնող Սերժ Դեր-Մաթևոսյանը և Սերժ Արուճումյանն այցելել են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Մասնագետները ծանոթացել են զինվորների առողջական խնդիրներին և քննարկել վերականգնողական բուժման մանրամասները:

Բժիշկները սեպտեմբերի 13-ին եղել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ սեպտեմբերի 14-ին այցելել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վերջերս տեղափոխվել են զինվորական ծառայության ընթացքում տարբեր ժամանակներում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ:

Մասնագետները, որոնց կազմում է նաև առաջատար մերսող կինեզոթերապևտ, բարձր են գնահատել հայաստանյան գործընկերների աշխատանքը, կիսվել բուժական նոր մոտեցումներով, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Բժիշկները նշել են, որ կատարված աշխատանքի շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի դրական արդյունք գրանցել: Նրանք հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---