«Քաղաքացի դիտորդն» ահազանգել է ընտրություններում խախտման մասին. ԿԸՀ-ն հերքում է

«Քաղաքացի դիտորդն» ահազանգել է ընտրություններում խախտման մասին. ԿԸՀ-ն հերքում է

PanARMENIAN.Net - «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ահազանգել է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն իրականացնում էր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ՝ հրաժարվելով ընդունել առձեռն ներկայացված դիմում-բողոքները՝ առաջարկելով դրանք գցել ԿԸՀ արկղը, որի դեպքում դիմումների ընդունման փաստի արձանագրում տեղի չի ունենում:

Նախաձեռնությունը նշում է, որ նման պրակտիկան չի բխում ընտրախախտումների կանխարգելման և ընտրությունների օրինականության ապահովման սահմանադրական և օրենսդրական պարտավորություններից և լրացուցիչ խոչընդոտներ է հարուցում ընտրախախտումներն արձանագրելու, վերացնելու և պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործընթացներում:

«Առձեռն դիմումներ ընդունելուց ԿԸՀ-ի հրաժարումը հերթական ապացույցն է այն բանի, որ իշխանությունները չեն դրսևորում բավարար քաղաքական կամք ընտրախախտումների դեմ պայքարի դրական պարտավորությունների կատարման հարցում», - ասված է նախաձեռնության հաղորդման մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ հարցով պարզաբանում է տարածել, հայտարարելով, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ահազանգը` կապված 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԿԸՀ «որդեգրած դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ»-ի հետ, հիմնազուրկ և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանք է ԿԸՀ հասցեին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին` ժամը 19.30-ի սահմաններում, ԿԸՀ է այցելել քաղաքացի, որը տեղեկացրել է, որ ցանկանում է ներկայացնել դիմումներ` 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված: Նրան պարզաբանվել է, որ դիմումները կարող է գցել հատուկ այդ նպատակով հանձնաժողովի վարչական շենքի առաջին հարկում տեղադրված արկղում, որից հետո քաղաքացին հեռացել է: Քիչ անց նա նորից այցելել է հանձնաժողով և նշված արկղ գցել իր դիմումները:

«Դիմումներն արդեն իսկ մուտքագրվել են հանձնաժողովում: Դրանք իրենցից ներկայացնում են տարբեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ուղղված 28 դիմումներ և առանձին փաթեթով թվով 92 լիազորագրեր: Ի դեպ, նշված դիմումներում նշված են այն փաստերը, որոնք նույնությամբ կրկնում են քվեարկության օրվա ընթացքում Transparency.am կայքում զետեղված նյութերը:

Ի դեպ, հարկ է նկատել նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմողը դիմումը հասցեագրում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը, իսկ նույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները կարող են բողոքարկվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այս մասին պարզաբանվել է նաև դիմումները հանձնաժողովին հանձնելու նպատակով ներկայացած քաղաքացուն», - ասված է ԿԸՀ հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել:

Կարդացեք նաև՝ ՄԻՊ-ն ՏԻՄ ընտրություններում խախտումների մասին տվյալներն ուղարկել է գլխավոր դատախազություն

ՏԻՄ ընտրություններ. ՔՊ թեկնածուն հաղթել է Նոր Կյանքում, Արայիկ Խանդոյանը՝ պարտվել Ծաղկահովիտում

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---