Քերի. ԱՄՆ-ն խորապես արժևորում է Հայաստանի հետ իր ջերմ բարեկամությունը

Քերի. ԱՄՆ-ն խորապես արժևորում է Հայաստանի հետ իր ջերմ բարեկամությունը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ուղերձում մասնավորապես ասվում է․

«Նախագահ Օբամայի ու Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորանքներս եմ հղում հայ ժողովրդին անկախության 25-ամյակի առթիվ, որը կնշվի սեպտեմբերի 21-ին:

Միացյալ Նահանգները խորապես արժևորում է Հայաստանի և Ձեր բոլորի հետ իր ջերմ բարեկամությունը: Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, և իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտորեն աշխատել Ձեզ հետ՝ աջակցելու բարեկեցության, ամուր ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ու տարածաշրջանային խաղաղության կայացման ընդհանուր նպատակներին: Մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը: Մենք նաև երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում կենսունակ ու մեծ ձեռքբերումների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար:

Այս գեղեցիկ տոնի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում հայ ժողովրդին, ցանկանում խաղաղություն ու բարօրություն առաջիկա տարում», - գրել է Ջոն Քերրին:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն «այո» ասաց Անկախությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---