Բաբայան. Քերիի հայտարարությունն արտացոլում է ԼՂ հակամարտության հարցում եղած իրավիճակը, բայց մասամբ

Բաբայան. Քերիի հայտարարությունն արտացոլում է ԼՂ հակամարտության հարցում եղած իրավիճակը, բայց մասամբ

PanARMENIAN.Net - Ջոն Քերիի հայտարարությունն արտացոլում է ԼՂ հակամարտության հարցում եղած իրավիճակը, բայց մասամբ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, հայտնում է Aysor.am-ը:

«Ջոն Քերին ներկայացրել է իավիճակը, բայց դա արել է դիվանագիտական բառապաշարով: Նախ և առաջ այն, որ ներկա դրությամբ հնարավոր չէ կարգավորել ԼՂ հակամարտությունը` փաստ է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ֆաշիստական ու ապակառուցողական քաղաքականությունը», - ասաց Դավիթ Բաբայանը: Նա ընդգծել է, որ այս պահին հակամարտության կարգավորումն ընթանում է մեկ ուղղությամբ` խաղաղության ու կայունության պահպանում:

«Այնպես որ Քերին իր հայտարարությունում ներկայացրել է եղած իրավիճակը, բայց դիվանագիտական բառապաշարով: Դրա վկայությունն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով` կարգավորմանը պատրաստ չեն երկրների ղեկավարները, իրականում` պատրաստ չէ Ադրբեջանի ղեկավարությունը, քանի որ Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը հայատյացությունն է ու ֆաշիզմը», - ասել է Դավիթ Բաբայանը:

Նա նշել է, որ այս մասին է վկայում նաև Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը, ըստ որի` «բանակցությունները պետք է ավարտվեն, ինչպես նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարները, եղած ստատուս քվոյի փոփոխությամբ ու ադրբեջանական օկուպացված տարածքների ազատմամբ»:

«Այս հայտարարությունը ևս վկայում է, որ Ադրբեջանը հակամարտության կարգավորումը տեսնում է սխալ և ոչ ադեկվատ ձևով, այսինքն այն փորձում է կրկին բռնակցել Արցախը, բայց խաղաղ ճանապարհով: Կարծում եմ` միջազգային հանրությունը պետք է այս քայլերը դատապարտի», - ամփոփել է Դավիթ Բաբայանը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Այդ մասին Ջոն Քերին ասել է Washington Ideas համաժողովի ընթացքում, հաղորդում է Tert.am-ը ԱՄՆ պետքարտուղարության կայքի վրա հղումով:

Նրա խոսքով՝ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, (այդ թվում) Լեռնային Ղարաբաղը», որոնցում այժմ չի երևում կարգավորման հնարավորություն, նախևառաջ «որովհետև առաջնորդները պատրաստ չեն»:

Ավելի վաղ Քերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---