Պետդեպ. ԼՂ-ում խաղաղության համար պատասխանատու են երկու կողմի ղեկավարները

Պետդեպ. ԼՂ-ում խաղաղության համար պատասխանատու են երկու կողմի ղեկավարները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրուդոն:

«Մենք ակտիվորեն շարունակում ենք երկու կողմի հետ կապեր պահպանել: Դուք գիտեք, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ենք: Մեր երկարաժամկետ քաղաքականությունն այն է (և դա կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները), որ իրական լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, այդ թվում Հելսինկյան եզրափակիչ ակտի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի, տարածքային ամբողջականության և ինքնորոշման վրա»,- ասել է Թրուդոն:

Ի պատասխան լրագրողի այն տեսակետին, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորման, իսկ Հայաստանը հրաժարվում է զորքերը հետ քաշել, Թրուդոն շեշտել է, որ «խաղաղության համար պատասխանատու են երկու կողմի ղեկավարները»:

Օգոստոսի 26-ին ԱՄՆ-ի Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, առաջին քայլը պետք է անեն իրենք՝ կողմերը:

«Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»,-ասել է նա:

Ֆրիդի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորման մեջ. «Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում և մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»:

Դենիել Ֆրիդի խոսքով, առաջին քայլը պետք է անեն հենց հակամարտող կողմերի իշխանությունները. «Այդ կառավարությունները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են շարունակ մնալ այս իրավիճակում և դիմակայել մերթընդմերթ բախումների, թե նրանք իրական կարգավորում են նախընտրում»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---