«Ռոսիա 24». Հայաստանում արտադրված մոցարելան նվաճում է ռուսական շուկան

«Ռոսիա 24». Հայաստանում արտադրված մոցարելան նվաճում է ռուսական շուկան

PanARMENIAN.Net - Ռուսական շուկայում ընդլայնվում է Հայաստանում արտադրված պանրի տեսականին`փոխարինելով եվրոպական պանրատեսակները, որոնք դուրս մղվեցին ռուսական շուկայից էմբարգոյի հայտարարման պատճառով, ասվում է ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի տեսանյութում:

Տեսանյութը պատմում է Հայաստանում պանրագործության մասին, թե ինչով է հայկական մոցարելան տարբերվում իտալականից` նշելով, որ հայ պանրագործների վաղեմի գործընկերներն ու նոր հաճախորդները հատկապես գնահատում են այն, որ պանիրը պատրաստվում է ծովի մակերևույթից 1800 մ բարձրության վրա արածող կովերի կաթից:

Ըստ ՀՀ գյուղնախարարության վիճակագրական տվյալների, Հայաստանում արտադրված կաթնամթերքն արտահանվում է հիմնականում Ռուսաստան: 2015-ին ՌԴ է առաքվել 9.000 տոննա պանիր, ընդ որում ինչպես հայկական պանրատեսակներ, այնպես էլ եվրոպական, իսկ ընթացիկ տարում այդ թիվը զգալիորեն մեծ կլինի: Մինչդեռ ՀՀ կառավարությունը ևս որոշել է խթանել պանրի արտադրության ընդլայնումը երկրում:

«Այժմ ՀՀ-ում 2 ծրագիր է իրականացվում: Մեկով Հայաստան են ներկրվում բարձր արտադրողականությամբ աչքի ընկնող կովերի ցեղատեսակներ Եվրոպայից: Երկրորդով զարգացվում են կոոպերատիվ գյուղացիական տնտեսությունները: Երկուսի իրագործումն էլ թույլ կտա կտրուկ ավելացնել կաթի արտադրությունը, ինչն էլ հիմք կդառնա պանրագործության զարգացման համար»,-ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Պանրի շրջանառության վրա ազդում են նաև ԵՏՄ-ում գործընկեր երկրների համար ստեղծված պայմանները: Զգալիորեն պարզեցվել է մաքսային հայտարարագրի ներկայացման ընթացակարգը, ներդրվել է փաստաթղթերի հանձնման էլեկտրոնային համակարգ: Հայ պանրագործներն իրենց հերթին վստահ են, որ արդեն այսօր կարող են բավարարել նույնիսկ ամենաբարձրաճաշակ սպառողի պահանջները, ասվում է նյութում:

«Պանրագործությունը Հայաստանում բավականին լավ է զարգացած, ավելի լավ, քան նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններում: Սակայն մենք մտադիր չենք բավարարվել այդքանով, զարգացնելու ենք այդ ոլորտը:

Հայաստանում պանրագործները շատ են, սակայն, ցավոք, միայն 4 ընկերություն է զբաղվում արտահանմամբ և պանիր է առաքում ՌԴ: Իսկ դա շատ քիչ է»,-ասել է Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:

Ռեպորտաժում ասվում է, որ թեև դեռ դժվար է ասել արդյոք հայկական մոցարելան կկարողանա փոխարինել իտալականին, սակայն Հայաստանն արդեն իսկ արժանի մրցակցություն է ստեղծում Բելառուսին ու Սերբիային:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---