Պլաստիկ շշերի համար աղբամաններ՝ Քաջարանում

Պլաստիկ շշերի համար  աղբամաններ՝ Քաջարանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ու նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի բնապահպանական բաղադրիչի շրջանակում Քաջարան համայնքին տրամադրվել է պլաստիկ թափոնների հավաքման 30 աղբաման:

Դրանք տեղադրվել են քաղաքի բանուկ թաղամասերում՝ խանութների և հասարակական վայրերին հարակից տարածքում, բակերում, ինչպես նաև դպրոցների մոտ:

«Այս նախաձեռնության շնորհիվ քաղաքում շատ կարճ ժամանակահատվածում բնակչությունը սովորեց տարանջատել ըմպելիքի, կաթնամթերքի և ջրի պլաստիկ շշերը: Աղբամանների մեջ դեռ շատ քիչ քանակի այլ աղբ է նետվում, սակայն Քաջարանի փոխքաղաքապետ Կարեն Տորոսյանի կարծիքով` ժամանակի ընթացքում դա էլ կշտկվի, քանի որ նախաձեռնությունը նոր է, և քաղաքապետարանն ակտիվ աշխատանք է տանում բնակչության հետ», - ասված է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոմի հաղորդագրությունում:

Քաջարանի կոմունալ ծառայությունն առայժմ հավաքված շշերը տեղափոխում և հավաքում է հատուկ տրամադրված տարածքում: Մոտ ժամանակում ԵՄ կողմից ֆինանսավորվող և արդեն հաստատված ծրագրի շրջանակում Քաջարանին կտրամադրվի մամլիչ սարքավորում, և կկազմակերպվի պլաստիկ բրեկետների տեղափոխումը Կապան քաղաք, որտեղ նախատեսվում է հիմնել պլաստիկ թափոնների վերամշակում և ճանապարհային սալիկների և տանիքի կղմինդրի արտադրություն:

Հոկտեմբերի 10-ին Քաջարանի համար 2 դպրոցի բնապահպանական լսարանում անցկացվեց պլաստիկ թափոնների հավաքման, վտանգի, վերամշակման հնարավորությունների վերաբերյալ սեմինար-քննարկում, որին ներկա էին քաղաքի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, դպրոցի ուսուցչական կազմը և տնօրենը, Կապանի հասարակության մասնակցության Օրհուսի և Կանանց ռեսուրս կենտրոնի համակարգողները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանը և Կայուն զարգացման գծով միջազգային տնօրենը, քաղաքապետարանի աշխատակիցները և USAID/PRP ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգողը: Սեմինարի կազմակերպումը, պլաստիկ թափոնների վտանգի և վերամշակման վերաբերյալ բուկլետների տպագրությունը կազմակեպել էր Քաջարանի քաղաքապետարանը՝ 2016 թ. ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում:

Քաջարանը գտնվում է Սյունիքի մարզի այն 8 համայնքի ցանկում, որոնք «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն` «օգտվում են» հանքարդյունաբերական ձեռնարկության վճարած բնապահպանական վճարներից:

Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատը տարեկան վճարում է օդի և ջրային ռեսուրսների աղտոտման համար միջինում 8 մլն ՀՀ դրամ բնապահապանական վճարներ, որոնք կուտակվում են պետական բյուջեում և հետագայում սուբվենցիաների տեսքով՝ բնապահպանական և առողջապահական ծրագրերի շնորհիվ, վերադառնում համայնք: 2016 թ. Կուտակված բնապահպանական վճարներից մոտ 2 մլն ՀՀ դրամը հատկացվել է համայնքի բնապահպանական կրթության և իրազեկման բարձրացմանը: Ծրագրային առաջարկը ներկայացվել էր ՀՀ Բնապահպանության նախարարություն`«Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի աջակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---