Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում զոհվածների անունները հայտնի են

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում զոհվածների անունները հայտնի են

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների անունները։ Զոհված անձանցից երեքը ՌԴ քաղաքացի է, երկուսը՝ ՀՀ քաղաքացի:

Լունոնյան Ա.Պ. (ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի), Պողոսյան Յու.Ս. (ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի), Լազուկին Ա.Վ. (ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի), Պանչենկո Վ.Մ. (ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի), Մամչենկո Ս.Ս. (ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի) , Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:

Տեղեկացվում է, որ տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և առաջարկելով իր օժանդակությունը:

ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրված նախնական տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

Հյուսիսային Օսեթիայի առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններից ստացված վերջին տվյալներով Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Վլադիկովկասի 3 հիվանդանոցում է գտնվում 10 տուժած`

Նորիկ Աղրամանյանը (1950թ.) ստացել է ուղեղի ցնցում, Ժասմին Հարությունյանը (1949թ.)` նստատեղի ազդոսկրի կոտրվածք, Սեյրան Պողոսյանը (1990թ.)` ծնկոսկրերի կոտրվածք, գտնվում են Վլադիկովկասի հանրապետական հիվանդանոցում։

Հրանտ Բաղդասարյանը (1949թ., վիճակը` ծանր) և Ալան Սատինյանը (1978թ., վիճակը` միջին ծանրության) բուժվում են Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։

Վլադիկովկասի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում այժմ բուժվում է 5 երեխա։ Նրանցից Դիանա Դավթյանի ( 2005թ.) վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստացել է ծնոտի վնասվածք։ Իսկ Պավել Պալուխինի (2001թ.) Ալեքսեյ Ռոսամախինի (2000թ.) Ալեքսանդր Գալատովի (2000թ.) և Անդրեյ Լազուկինի (2006թ.) վիճակը գնահատվում է ծանր։

Աշխատանքները տեղում կազմակերպելու համար հոկտեմբերի 14-ին ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանը ՌԴ-ում ապահովում է կապը և համակարգում աշխատանքը:

Կարդացեք նաև՝ Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի դեպքով քրգործ է հարուցվել. Պատճառները քննվում են

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---