
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: Այդ մասին հայտնել է աղբյուրն ավիաընկերությունում, հայտնում է Ինտերֆաքսը:
«Մենք որոշեցինք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից, քանի որ ուղևորների սպասարկումը «Զվարթնոց» օդանավակայանում շատ բարձր է` 50 եվրո մեկ մարդու հաշվարկով: Դա ավելին է, քան մեր սակագինը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նա հավելել է, որ «Պոբեդան» թռիչքներ է իրականացնում Եվրոպայի և ԱՊՀ 9 ուղղություններով, որտեղ սպասարկման արժեքը միջինը կազմում է 10 եվրո մեկ մարդու հաշվարկով, իսկ որոշ օդանավակայաններում անվճար է:
Դոնի Ռոստով-Երևան թռիչքների թույլտվությունն ավիաընկերությունը ստացել էր հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չսկսվեցին:
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Թռիչքները կիրականացվեն նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:
Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից: