«Սասնա ծռերի» անդամի առողջական խնդիրները կներկայացվեն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե

«Սասնա ծռերի» անդամի առողջական խնդիրները կներկայացվեն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե

PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ անտարբերության դեմ պայքարի և պատկան մարմինների ուշադրությունը կալանավորին ուղղելու նպատակով նոյեմբերի 4-ին ստեղծվել է շարժում՝ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի»:

«Հարգելի հայրենակիցներ,ինչպես գիտեք, սկսած հուլիսի 26-ից` Հովհաննես Հարությունյանին բուժող բժիշկները բազմիցս պատճառաբանել են, որ Հովհաննեսի վնասվածքը ոտքի շատ բարդ հատվածում է, և բարդ վիրահատություն այդ շրջանում հնարավոր չէ կատարել:

Այս պահին Հովհաննեսի ոտքի գույնը մգացել է, և քանի որ օտար մասնիկներ կան, բեկորներ, ցավեր ունի: Ինչպես նաև մինչև կոնքը բարակել է զգալիորեն, և չի կարողանում հենվել այդ ոտքի վրա:

Այս նախաձեռնությունը պատրաստվում է ամենասեղմ ժամկետում Հովհաննես Հարությունյանի գործն իր դատական և բժշկափորձագիտական ողջ մանրամասներով ներկայացնել Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե` The Committee Against Torture (CAT)», -ասված է շարժման տարածած հայտարարության մեջ:

Հովհաննես Հարությունյանի քույրը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացրել էր, թե Հովհաննեսի վիրավոր ոտքը «սև է ու սառը» և եղբայրը պահանջում է նույնիսկ անդամահատել այն:

«Ես չեմ գրի, թե ինչերի միջով է անցել Հովհաննեսս, չեմ գրի, թե ինչ ցավ է ապրել` տեսնելով ու զգալով հսկիչի ու բուժքրոջ արցունքները, որովհետև նրանք ամբողջ սրտով ուզեցել են օգնել, բայց հրաման են կատարել ու թեկուզև չխայտառակվելու համար, քանի որ Հայաստանն ունի պայմանագիր ընդդեմ խոշտանգումների, գիտակցելով այդ փաստը, նրան հանեցին այդ քարանձավից, բայց մինչ օրս էլ կատարում են այդ նույն հրամանը։

Մինչ օրս նրանց ցուցաբերած օգնությունն ու միջամտությունները կրում են ձևական բնույթ, ոչ մի բժշկական միջամտություն, բացի նրանից որ նա ստացել է առաջին օրը, մինչ օրս չի ցուցաբերվել...», -հայտարարել էր Հովհաննեսի քույրը:

Նոյեմբերի 4-ին Հովհաննեսի փաստաբան Հայարփի Սարգսյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի վիրավոր աջ ոտքը զգալիորեն բարակել է մինչև կոնքազդրը, ոտքի մաշկի գույնը մգացել է, բացի այդ չի կարողանում հենվել այդ ոտքի վրա:

«Ասում է՝ կարծես ինչ-որ բան կախված լինի վրայից, կամ բուժեք կամ հեռացրեք», -ասել էր փաստաբանը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնելով, որ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի սրման ահազանգի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

«Ցավոք, հայտնի հանգամանքների բերումով, ինձ ապօրինաբար հնարավորություն չի տրվում տեսակցել «Սասնա ծռեր» խմբի որևէ անդամի հետ և ուրեմն՝ Հովհաննես Հարությունյանին տեսակցելու այցելել չեմ կարող: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ամենաօպերատիվ կերպով կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Հարությունյանի փաստաբանների ու հարազատների ահազանգը ճշտելու համար:

Մասնագիտացված խումբ կայցելի Հարությունյանին՝ ստեղծված վիճակին տեղում ծանոթանալու համար», -հայտարարել էր Փաշինյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---