Թվապատում. ՀՀ բնակչության 29.8%-ը աղքատ է, 2%-ը՝ ծայրահեղ աղքատ

Թվապատում. ՀՀ բնակչության 29.8%-ը աղքատ է, 2%-ը՝ ծայրահեղ աղքատ

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որում ամփոփ ներկայացված է Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսամակարդակի փոփոխությունները 2008-2015 թթ. ժամանակահատվածում: Սա տասնյոթերորդ հրապարակումն է ՀՀ ԱՎԾ-ի ամենամյա համանուն զեկույցների շարքում:

Ըստ զեկույցի, 2015-ին ՀՀ բնակչության 2%-ը եղել է ծայրահեղ աղքատ, 10.4%-ը՝ շատ աղքատ, 29.8%-ը՝ աղքատ: Այսինքն, երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41.698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: 2014 թ. համեմատ, երբ աղքատության մակարդակը 30.0% էր, արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,2 տոկոսային կետով: 2015 թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը` մոտ 310 հազար (ներառյալ 60 հազար ծայրահեղ աղքատները):

2015թ.-ին աղքատության վերին և ստորին, ինչպես նաև ծայրահեղ գծերը՝ ըստ սպառման, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար եղել է, համապատասխանաբար, 41.698 դրամ (կամ 87.2 ԱՄՆ դոլար) , 34.234 դրամ (կամ 71.6 ԱՄՆ դոլար) և 24.109 դրամ (կամ 50.4 ԱՄՆ դոլար):

2014-ին ՀՀ բնակչության 2.3%-ը եղել է ծայրահեղ աղքատ, 10.9%-ը՝ շատ աղքատ, 30%-ը՝ աղքատ:Զեկույցում նաև ներկայացված են աղքատության 2008 թվականի ցուցանիշները, որի համաձայն ՀՀ բնակչության 1.6%-ը եղել է ծայրահեղ աղքատ, 12.6%-ը՝ շատ աղքատ, 27.6%-ը՝ աղքատ:

Ստացվում է, որ 2015 թ. ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008 թ. մակարդակը 0.4 տոկոսային կետով, իսկ աղքատության վերին գծում՝ աղքատության մակարդակը 2.2 տոկոսային կետով բարձր էր 2008-ի համեմատ: Միաժամանակ ճգնաժամից հետո շատ աղքատների մակարդակը, 2008 թ. համեմատ, իջել է 2.2 տոկոսային կետով:

Զեկույցում ներկայացված են ՀՀ ԱՎԾ-ի կողմից իրականացված 2015 թվականի տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքները:

Զեկույցում օգտագործվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների տրամադրած տվյալները, և այն կազմվել է Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ: Աղքատության մակարդակը գնահատելու համար զեկույցում որպես բարեկեցության ցուցանիշ օգտագործվել են սպառմանն ուղղված ծախսերը, որոնք ավելի ճշգրիտ տեղեկություն են տալիս բարեկեցության մասին քան եկամուտները, քանզի եկամուտների բացակայությունն ինքնին դեռևս չի նշանակում բարեկեցության զրոյական մակարդակ:

Տնային տնտեսություններն իրենց ապրուստը հոգում են նաև սեփական արտադրության սննդամթերքի սպառման կամ սպառումը մասնավոր վարկերով ֆինանսավորելու միջոցով: Ըստ այդմ, անցումային տնտեսությամբ երկրներում, որոնց շարքին է դասվում Հայաստանը, աղքատները կարող են եկամուտ ստանալ նաև գործունեության բազմաթիվ կարճաժամկետ տեսակներից, որոնք չեն արտացոլվում եկամուտներին վերաբերող տվյալներում: Նման հանգամանքներում բարեկեցությունը գնահատվում է ոչ թե տնային տնտեսությունների գործունեության բոլոր տեսակներից ստացվող եկամուտների հանրագումարի, այլ սպառմանն ուղղված ծախսերի հիման վրա: Զեկույցում ներկայացված է Հայաստանի աղքատության միտումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---