Էջմիածնում ավագանու թեկնածուի առևանգման մեղադրականը հաստատվել է

Էջմիածնում ավագանու թեկնածուի առևանգման մեղադրականը հաստատվել է

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանի նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Արսեն Կարապետյանի և Արթուր Ամիրխանյանի կողմից նախնական համաձայնությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու ու դրա սպառնալիքի միջոցով առևանգելու և բռնություն գործադրեու սպառնալիքով զուգորդված վերջինիս ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից հայտնում են, որ նախաքննությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված քննչական խմբի կողմից, որում ներառված էին ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչներ:

Քննության ընթացքում ձերբակալվել է 2 անձ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, որը հիմնավորվել է քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ:

Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը սեպտեմբերի 16-ին Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---